- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 1ժ 40 րոպե
Անանասով տարտ կոկոսի կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- կարագ - 100 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 170 գր
- շաքարի փոշի - 55 գր
- ալյուր նուշի - 15գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250մլ
- կարագ - 80 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 100 գր
- կոկոսի քերուկ - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 10 գր
- ռոմ - 1 ճ/գդ
- Կարամելացված անանասի համար՝
- անանաս - 1 հատ
- վանիլին - 1 ձողիկ
- ջուր - 200 մլ + 4 ճ/գդ
- շաքարավազ - 125 գր
- հյութ նարինջի - 130 մլ (1 հատ)
- ռոմ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ցանկալի է օգտագործել 23 սմ ձևաման:
Պատրաստում ենք խմորը: Կարագը մանր կտրատում ենք, խառնում շաքարի փոշու հետ և փայտե թիակով տրորում մինչև համասեռ զանգված ստանալը: Հետո հերթով ավելացնում ենք մյուս բաղադրիչները՝ յուրաքանչյուրն ավելացնելուց հետո խմորը լավ խառնելով:
Խմորը հունցում ենք, սակայն այն դեռ համասեռ չի դառնում: Գնդում ենք, փաթաթում սննդային թաղանթի մեջ ու պահում սառնարանում, ամենաքիչը 2 ժամով (շատ ավելի լավ կլինի, եթե 12 ժամ պահենք):
Օգտագործելուց առաջ խմորը հանում ենք սառնարանից և ալյուր ցանված մակերևույթի վրա գրտնակում 2 մմ հաստությամբ: Նորից տեղափոխում ենք սառնարան, այս անգամ՝ մեկ ժամով: Հետո խմորը դնում ենք ձևամանի մեջ, սեղմում ու ավելորդ մասերը կտրում: Այս ամենից հետո կրկին տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք կրեմը: Խորը ամանն ու հարիչի մի թևը դնում ենք սառցախցիկի մեջ: Կարագը խորանարդաձև կտրատում ենք, լցնում կաթսայի մեջ ու գոլորշու վրա հալեցնում: Հետո հերթով ավելացնում ենք մյուս բաղադրիչները՝ շաքարավազը, կոկոսի քերուկը, օսլան, ձուն ու ռոմը և լավ խառնում ենք:
- Ամանը հանում ենք սառցախցիկից, մեջը լցնում սերուցքն ու հարում այնքան, մինչև պնդանա: Ավելացնում ենք կոկոսով խառնուրդն ու զգուշությամբ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Դնում ենք սառնարանի մեջ ու հանում միայն օգտագործելուց առաջ:
Պատրաստում ենք կարամելացված անանասը: Վանիլինի ձողիկը երկայնքով կիսում ենք, սեմերը մաքրում, հետո ձողիկն ու սերմերը լցնում փոքրիկ կաթսայի մեջ և վրան 4 ճ/գդ ջուր ավելացնում: Հասցնում ենք եռման ու կրակից վերցնում: Կափարիչով ծածկում ենք ու այդպես թողնում 15 րոպե:
Անանասը լվանում ենք, ստորին ու վերին հատվածները կտրում: Հետո ուղղահայաց կանգնեցնում ենք ու կեղևը մաքրում:
- Մաքրված անանասն ուղղահայաց կիսում ենք, ամեն մի կտորը երկարությամբ 3 մասի բաժանում և կտրում կոշտ միջուկը:
Նարինջը երկու կես ենք անում, հյութը քամում:
Չոր տապակի մեջ շաքարավազ ենք լցնում, դնում միջին ուժգնության կրակի վրա ու խառնելով եփում այնքան, մինչև շաքարավազը սկսի հալչել ու մգանալ: Հետո զգուշորեն խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք 200 մլ ջուրը (ջուր ավելացնելիս շաքարավազը կարող է վերածվել կպչուն, սպիտակ կոշտ զանգվածի): Աստիճանաբար շաքարավազը սկսում է հալչել ու լուծվել: Կրակից վերցնում ենք, ավելացնում ջրով վանիլինը, ռոմն ու նարնջի հյութը:
- Ջեռոցը տաքացնում ենք 160 աստիճան: Անանասը դնում ենք բարձր եզրերով ձևամանի մեջ, ավելացնում շաքարի օշարակն ու դնում ջեռոցը: Ժամանակ առ ժամանակ անանասի կտորները շրջում ենք, որպեսզի բոլոր կողմերից ներծծվեն օշարակով: Ջեռոցից հանում ենք ու թողնում, որ ձևամանի մեջ հովանա, հետո ամեն մի կտորը 5 մմ հաստությամբ կտրատում ենք:
Ջեռոցը կրկին 160 աստիճան տաքացնում ենք: Խմորով ձևամանի մեջ լցնում ենք կրեմը, տարածում ու հարթեցնում: Վրան շարում ենք կտրատած անանասի կեսը: Ձևամանը 45-50 րոպեով դնում ենք ջեռոցը, մինչև վարդագունելը: Հանում ենք ու այդպես թողնում, որպեսզի հովանա: Այնուհետև հանում ենք ձևամանից և վրան շարում մնացած անանասը:
Տարտը մատուցում ենք սառը վիճակում, վանիլային պաղպաղակի հետ:
Անանասով տարտ պատրաստելու համար բավական ժամանակ է պետք, սակայն այն համտեսելն, իսկապես, ամեն ինչ արժե 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: