- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45-55 minutes
Բավարիական շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- ձու - 2 հատ
- կարագ - 75 գր
- ալյուր - 1 բաժակ
- կակաո - 60 գր
- շաքարավազ - 280 գր
- կեֆիր - 160 մլ
- սուրճ սև - 160 մլ (եփած)
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 3/4 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- Շոկոլադային մուսսի համար՝
- ջուր - 1/3 բաժակ (սառը)
- ժելատին - 1 ճ/գդ + 3/4 թ/գդ
- ձվի դեղնուց - 5 մեծ ձվից
- շաքարավազ - 1/2 բաժակ + 2 ճ/գդ
- կաթ - 3 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 3 բաժակ
- շոկոլադ սև - 140 գր (60-70%)
- կակաո - 3 ճ/գդ + 1 թ/գդ
- վանիլին - 1 ճ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- Շոկոլադային գանաշի համար՝
- շոկոլադ սև - 113 գր (60-70%)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 մլ
- մեղր - 1/2 ճ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մթերքի նշված քանակությունից ստացվում է 23 սմ տրամագծով 1 բարձր բիսկվիթ: Բիսկվիթը պատրաստելու համար թխվածքի բացվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, եզրերը յուղում: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք:
Խորը կաթսայի մեջ մաղում ենք ալյուրը, կակաոն, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան ու աղը: Լավ խառնում ենք, ավելացնում ձվերը, հալեցրած կարագը, կեֆիրը, սուրճն ու վանիլինը:
- Հարում ենք թույլ արագությամբ, մինչև ստացվի համասեռ զանգված՝ առանց գնդիկների:
- Խառնուրդը լցնում ենք ձևամանի մեջ, դնում ջեռոցը: Թխում ենք 45-55 րոպե, պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով. եթե խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն՝ թխված է:
10 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում, դնում ցանցի վրա ու հովացնում (բիսկվիթի վերևը կարող է ուռչել ու ճաքել, որը հետո պետք է կտրել ու հարթեցնել):
Շոկոլադային մուսսը պատրաստելու համար ժելատինը գցում ենք ջրի մեջ, թողնում ուռչի: Կաթսայի մեջ խառնում ենք դեղնուցներն ու ½ բաժակ շաքարավազը, թեթևակի հարում: Շոկոլադը մանր կտրատում ենք:
- Մի այլ կաթսայի մեջ խառնում ենք կաթը, 2 ճ/գդ շաքարավազը, շոկոլադը, կակաոն ու աղը: Տաքացնում ենք միջին ուժգնության կրակին՝ ձեռքի հարիչով անընդհատ խառնելով, մինչև որ շոկոլադը լրիվ հալչի: Խառնուրդը պետք է տաքացնել, բայց չեռացնել: Կրակից վերցնում ենք, զանգվածն անընդհատ խառնելով՝ բարակ շիթով ավելացնում դեղնուցները: Խառնում ենք մինչև համասեռ դառնալն ու նորից դնում կրակին: Անընդհատ խառնելով տաքացնում ենք 1 րոպե: Ոչ մի դեպքում չպետք է եռացնել: Կրակից վերցնում ենք, ավելացնում վանիլինն ու ժելատինը, սպասում, մինչև վերջինս լրիվ լուծվի:
- Զանգվածը տեղափոխում ենք խորը կաթսայի մեջ, հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի՝ յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ անընդհատ խառնելով, որպեսզի վրան կեղև չառաջանա: Արագ լինելու համար կարելի է 40-50 րոպեով դնել սառնարան ու պարբերաբար խառնել:
Սերուցքը լցնում ենք նախապես սառեցրած կաթսայի մեջ, հարում մինչև խիտ փրփուրի վերածվելը և դնում սառնարանում:
Հենց որ շոկոլադային խառնուրդը հովանում է, հարած սերուցքից 3-4 ճ/գդ լցնում ենք մեջը, ձեռքի հարիչով խառնում մինչ համասեռ դառնալը, հետո ավելացնում մնացածը: Խառնուրդը բավական ջրիկ է լինում, սակայն սերուցքն ավելացնելուց հետո մի քիչ խտանում է, ու արդեն վերջնական պնդանում է տորթի վրա՝ սառնարանում:
- Սառած բիսկվիթի մակերևույթը հարթեցնում ենք, բիսկվիթը բաժանում 3 հավասար շերտի: Դրա համար անհրաժեշտ է ամեն շերտը նախապես նշել, ատամնավոր դանակով կողքերից թեթևակի կտրել, հետո արդեն կտրել երկար դանակով (այստեղ պետք է զգույշ լինել, քանի որ փափուկ խմորը կարող է պատռվել):
Տակի շերտը դնում ենք մի կողմ, իսկ մեջտեղի ու վրայի շերտերի եզրերից 1-1.5 սմ կտրում: Ստացվում է այնպես, որ տակի շերտը մյուսներից փոքր-ինչ մեծ է լինում: Թխվածքի բացվող ձևամանի հատակին յուղաթուղթ ենք փռում, իսկ կողքերը պատում պոլիէթիլենային թաղանթով, թեև նույնը կարելի է անել նաև յուղաթղթով (ձևամանի պատերի բարձրությունը պետք է լինի 12-15 սմ): Տակը դնում ենք մեծ բիսկվիթը, վրայից լցնում շոկոլադային կրեմի 1/3 մասը: Ջրիկ կրեմն ինքն իրեն հավասարաչափ կտարածվի: Դնում ենք մեջտեղի շերտն ու լցնում կրեմի մյուս 1/3 մասը: Դնում ենք վերևի շերտն ու լցնում մնացած կրեմը: Տորթը 4-6 ժամ կամ ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շոկոլադը մանրացնում ենք, լցնում խորը կաթսայի մեջ: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, ավելացնում մեղրն ու աղը: Տաքացնում ենք մարմանդ կրակին այնքան, որ նոր-նոր սկսի եռալ: Կրակից վերցնում ենք և լցնում շոկոլադի վրա:
- 1-2 րոպե թողնում ենք, հետո խնամքով խառնում մինչև շոկոլադի լրիվ լուծվելը: Յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ խառնելով հովացնում ենք, որպեսզի վրան թաղանթ չգոյանա: Հենց որ լավ հովանում է, տորթը սառնարանից հանում ենք ու գանաշը լցնում տորթի վրա: Թողնում ենք, որ տորթի ողջ մակերեսով լավ տարածվի, հետո նորից տորթը դնում ենք սառնարան, թողնում մի քանի ժամ, որ սառչի:
- Կարող ենք զարդարել քերած շոկոլադով:
- Մատուցում ենք սառը վիճակում:
- Ահա և վերջ:
Ստացվում է անչափ համեղ ու հագեցնող շոկոլադե տորթ , որը կարող է դառնալ ցանկացած քաղցր սեղանի զարդը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: