- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 40 minutes
Ելակով տորթ-սուֆլե
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 85 գր
- ձվի սպիտակուց - 250 գր (6-8 հատ)
- աղ - 1/3 թ/գդ
- հյութ կիտրոնի - 2/3 ճ/գդ
- վանիլին - 1 ճ/գդ
- Սուֆլեի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 700 մլ
- խտացրած կաթ - 350 գր
- ժելատին - 25 գր
- ջուր - 70 մլ
- ելակ - 500 գր
- Զարդարելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ելակ - 200 գր
- շաքարի փոշի - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Շաքարավազը բլենդերում 20 վայրկյան մանրացնում ենք: Արդյունքում ստանում ենք մանր շաքարավազ, բայց ոչ շաքարի փոշի:
- 100 գր մանրացված շաքարավազն ու ալյուրը միասին մաղում ենք:
- Ձվի սպիտակուցները հարում ենք, մինչև փրփուր ստանանք:
- Այնուհետև ավելացնում ենք կիտրոնի հյութն ու աղը և շարունակում հարել:
- Աստիճանաբար, գդալ առ գդալ ավելացնում ենք 100 գր մանրացված շաքարավազը, մինչև փայլուն և կայուն զանգված ստանանք:
- Վերջում ավելացնում ենք վանիլինը:
- Աստիճանաբար հարած սպիտակուցներին ավելացնում ենք մաղած ալյուրն ու շաքարավազը և զգուշությամբ, բայց արագ խառնում: Կարևոր է, որ բիսկվիթն օդեղեն լինի:
- Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ 20 սմ-անոց սովորական կամ քանդվող ձևամանի մեջ:
Գդալով հավասարեցնում ենք վերնամասը:
- Բիսկվիթը դնում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 40 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով: Եթե չոփիկը չոր է դուրս գալիս, ուրեմն՝ թխվել է (բիսկվիթի վերնամասը ծածկվում է ճաքերով):
Բիսկվիթն անմիջապես շրջում ենք, տակը 4 բաժակ դնում և թողնում ամբողջությամբ սառչի (այսպես բիսկվիթը կպահպանի իր սկզբնական ձևը և չի տափակի):
- Դանակի օգնությամբ բիսկվիթը զգուշությամբ հանում ենք ձևամանից:
- Այնուհետև փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և գիշերը թողնում սառնարանում:
Հանում ենք սառնարանից և բաժանում 2 մասի:
- Պատրաստում ենք սուֆլեն: 500 գր ելակը լվանում և օվալաձև կտրում ենք:
- 700 մլ սերուցքը հարում ենք, աստիճանաբար ավելացնում խտացրած կաթը շարունակելով խառնել այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:
- 25 գր ժելատինը թրջում ենք 70 մլ սառը ջրում և թողնում ուռչի: Երբ ժելատինն ուռչում է, այն տաքացնում ենք կամ գոլորշու միջոցով, կամ դնում ջեռոցը՝ չհասցնելով եռման (սերուցքի մեջ ավելացնելիս, այն պետք է 40 աստիճան լինի):
- Աստիճանաբար ժելատինն ավելացնում ենք սերուցքի մեջ՝ զգուշությամբ 1-2 րոպե խառնելով:
- Սովորական կամ քանդվող ձևամանի կողքերը և տակը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով:
- Լցնում ենք սուֆլեի ¼ մասը:
- Սուֆլեի վրա ենք ավելացնում ելակի ¼ մասը:
- Վրան կրկին լցնում ենք սուֆլեի և ելակի ¼ մասերը:
- Այս ամենից հետո դնում ենք բիսկվիթային շերտը:
- Նույն հերթականությամբ դնում ենք սուֆլեն, ելակը, սուֆլեն, ելակն ու բիսկվիթը և տեղափոխում սառնարան:
- Տորթը հանում ենք ձևամանից:
- 300 մլ սերուցքը 2 րոպե հարում ենք, ավելացնում շաքարի փոշին և խառնում մինչ համասեռ զանգված ստանալը:
- Ձևավորում ենք տորթը սերուցքով և ելակով:
Պատրաստեցինք նուրբ ելակով տորթ-սուֆլե , որը հրաշալի համադրվում է սուրճի կամ հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: