- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35-40 minutes
Լցոնված հավ
Բաղադրիչներ
- հավ ամբողջական - 1 հատ
- միս խոզի - 200 գր
- սոխ - 2-3 գլուխ
- հաց սպիտակ - 2-3 կտոր
- պանիր պարմեզան - 50 գր
- կարագ - 50 գր
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 3-4 ճ/գդ
- ձու - 1 հատ
- եղեսպակ (шалфей) - 2 պտղունց (չորացրած)
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մաքրած հավը դնում ենք մեջքի վրա և ողնաշարի ուղղությամբ կտրվածք անում ամբողջ երկայնքով, բայց այնպես, որ կտրվի միայն կաշին և մսի բարակ շերտը:
- Նախ զբաղվում ենք հավի ձախ հատվածով: Մատերով պահելով կաշին` սուր դանակով միսը կտրում ենք կողոսկրերի ուղղությամբ, այնպես, որ կողոսկրերն առանձնանան: Շոշափելով հոդը` առանձնացնում ենք կողոսկրը կմախքից:
Այժմ անցնում ենք թևիկին` այն հատվածին, որտեղ այն միանում է կմախքին: Առանձնացնում ենք նաև այդ հոդը: Նույն գործողությունները կատարում ենք նաև աջ հատվածի հետ. կմախքից առանձնացնում ենք կողերն ու թևերը:
Այնուհետ կողերն ու ողնաշարն առանձնացնում ենք ողնուցից, որի տակ գտնվում է փափկամիսը, և հանում ենք:
Զգուշորեն ողնուցն ազատում ենք փափկամսից և առանձնացնում: Փափկամսի մեջ շոշափում ենք պարսատիկանման ոսկորը, դանակով կտրվածք անում և դուրս բերում:
- Կողերը շրջում ենք, շոշափում ենք կողոսկրը և կտրում թե աջ թե ձախ կողմերից:
Զբաղվում ենք թևերով: Հավի մեջ Г-անման ոսկրեր կան` թիակները, որոնք հոդով ամրացած են թևիկներին: Նախ հանում ենք այդ ոսկրերը: Հետո կտրում ենք թևիկները շրջապատող կաշին և հանում ենք թևերը: Թևիկները, կմախքը, ողնուցն ու դուրս բերված մյուս կտորները կարող ենք օգտագործել արգանակ պատրաստելու համար:
Այս գործողությունների արդյունքում ստացվում է հավ, որում ոսկրեր գրեթե չկան` բացառությամբ բդիկների: Հավը աղով և պղպեղով համեմում ենք թե դրսից, թե ներսից և այդպես թողնում ենք մոտ 1 ժամ:
- Այդ ընթացքում զբաղվում ենք լցոնով: Այստեղ իմպրովիզացիայի լայն հնարավորություններ կան: Տոսկանացիները դրա համար սովորաբար օգտագործում են հացի միջուկ, մի քիչ հորթի կամ խոզի միս, խոզի երշիկ, խոզապուխտ, պանիր, ձու: Այս դեպքում մենք վերցնում ենք սոխ, սպիտակ հաց, խոզի միս, պարմեզան, կարագ:
Հացը, միսը, սոխը մանրացնում ենք ցանկացած մեզ հարմար տարբերակով (մսաղաց, խոհանոցային կոմբայն, սովորական դանակ), իսկ պանիրը և սառեցված կարագը անցկացնում ենք քերիչով և ավելացնում մի քանի պտղունց աղ, աղացած սև պղպեղ և մի քիչ աղացած մշկընկույզ:
Այնուհետև լցոնին ավելացնում ենք նախապես լավ հարած ձուն, որը թանձր փրփուրի է վերածվել:
- Զգուշորեն, որպեսզի հարած ձվից օդի պղպջակները շատ դուրս չգան, խճողակը լցնում ենք հավի մեջ:
- Կաշին ամուր կարում ենք սպիտակ բամբակյա թելով` չմոռանալով փակել նաեվ կտրած թևիկների հատվածներում առաջացած անցքերը: Կարելու ընթացքում պոչիկը ցանկալի է դեպի ներս ծալել կամ առհասարակ հեռացնել:
- Լցոնված և կարված հավը շրջում ենք և թեթև հարվածներով դրան հաղորդում ենք իր սկզբնական տեսքը այնպես, կարծես ոսկորներն առհասարակ հանված չեն:
Ջեռոցի թավայում լցնում ենք ձիթապտղի յուղ, ավելացնում ենք գոնե մի քանի պտղունց չորացրած եղեսպակ, որը կարելի է գնել ցանկացած դեղատնից: Հավը թավայում տեղավորում ենք կրծքամասը դեպի վեր և դնում մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը: Եփում ենք ժամանակ առ ժամանակ տաք յուղով ցողելով` մինչև կարմիր, խրթխրթան կեղևի առաջանալը:
- Պատրաստի հավը թողնում ենք մի քիչ սառչի, հետո կտրատում ենք շերտերով և անմիջապես մատուցում: Կարելի է նաև սեղանին դնել ամբողջությամբ և կտրատել այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի մնացածը արագորեն չսառչի:
Բարի ախորժակ:
Հավը կարող ենք նաև ձեռքի տակ ունեցած ցանկացած մթերքներով լցոնել, բայց այսպիսի լցոնված հավ հաստատ արժե գոնե 1 անգամ պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: