- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Կիտրոնով և հատապտուղներով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- կարագ - 50 գր
- կաթ - 1-2 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- ալյուր - 120 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Եփովի կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 70 մլ
- հյութ կիտրոնի - 3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Կիտրոնով օշարակի համար՝
- շաքարավազ - 130 գր
- ջուր - 120 գր
- հյութ կիտրոնի - 1/2 հատ
- Ձևավորման համար՝
- նուշի փաթիլներ - ըստ ճաշակի
- ազնվամորի - ըստ ճաշակի
- հաղարջ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը տաքացնում ենքմինչև 170-180 աստիճան:
Պատրաստում ենք սպիտակ շոկոլադով բիսկվիթը: Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու ինտենսիվ խառնում, մինչև վերջինս լուծվի, այնուհետև կրակից վերցնում ենք, ավելացնում 1-2 ճ/գդ տաք կաթը (1 գդալ լցնում ենք, այնուհետև ըստ թանձրության նաև երկրորդն ավելացնում): Խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև մի կողմ ենք դնում:
- Ձվի սպիտակուցները մի քանի կաթիլ կիտրոնահյութի և շաքարավազի կեսի հետ հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք, այնուհետև հարելու ընթացքում ավելացնում շաքարի փոշին: Բիսկվիթի համար շատ կարևոր է սպիտակուցները ճիշտ հարելը:
- Ձվի դեղնուցները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և մնացած շաքարավազի հետ հարում մինչև թանձր կրեմ ստանանք: 10 րոպե հարում ենք, այնուհետև հարած դեղնուցների մեջ ենք լցնում հարած սպիտակուցների մի մասը և վերից վար շարժումներով խառնում, որից հետո ավելացնում նաև մնացած սպիտակուցները ու խառնում:
- Այս խառնուրդից մի քանի գդալ լցնում ենք սառած շոկոլադի մեջ և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Այժմ ձվով և շոկոլադով զանգվածը լցնում ենք ձվերով զանգվածի մեջ և խառնում: Այդպիսով, ստանում ենք շոկոլադով և ձվով թեթև և փքուն զանգված, որի մեջ վերջում ալյուր և վանիլին ենք ավելացնում, թիակով զգուշորեն խառնում ու զանգվածը լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք 40 րոպե, սակայն 30 րոպե հետո փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորից, ուրեմն պատրաստ է:
- Ջեռոցի դուռը բացում ենք և բիսկվիթն այդպես 5 րոպե թողնում: Այժմ տորթն արագորեն յուղաթղթի վրա ենք շրջում և թողնում ենք սառչի: Սառած ձևամանը հետ ենք շրջում և տորթը ձևամանից հանում: Եթե ուզում ենք բիսկվիթն ուղիղ կտրվի և չփշրվի, ապա փայլաթիթեղով ծածկում ենք և 20-30 րոպեով սառցախցիկի մեջ դնում:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Հատապտուղները լվանում ենք և չորացնում:
- Ջուրը շաքարավազի հետ խառնում ենք և միջին ուժեղության կրակին 8-10 րոպե եփում մինչև թանձր և եռացող օշարակ ստանանք. եռացող օշարակից սառը ջրի մեջ ենք լցնում, եթե այն փափուկ գնդիկի է վերածվում, ուրեմն՝ պատրաստ է: Պատրաստի օշարակի մեջ 2 ճ/գդ կիտրոնահյութ ենք լցնում և խառնում:
- Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ սպիտակուցները 1 պտղունց աղի հետ մոտ 8 րոպե հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (ինչպես նկարում է պատկերված):
- Հարած սպիտակուցների մեջ բարակ շիթով լցնում ենք կրակից վերցրած օշարակը և շարունակում խառնել: Այդ ընթացքում կրեմն ամբողջությամբ սառչում է, թանձրանում և խտանում (լավ կլինի զանգվածն ամանով հանդերձ դնել սառցաջրի վրա և հարել այնքան մինչև սառչի: Սովորաբար, 10 րոպեն բավական է): Հարելու ընթացքում 1 ճ/գդ կիտրոնահյութ ենք ավելացնում:
- Բիսկվիթը 2 հավասար մասի ենք կիսում, որպեսզի 3 հավասար շերտ ստանանք:
- Պատրաստում ենք կիտրոնով օշարակը: Ջրի մեջ շաքարավազ ենք ավելացնում և կրակին խառնելով տաքացնում այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Վերջում ավելացնում ենք կիտրոնի հյութը:
Շերտը թրջում ենք օշարակով:
- Այնուհետև շերտը պատում ենք կրեմով:
- Վրան հատապտուղներ ենք շարում, բայց ոչ շատ խիտ:
- Ծածկում ենք երկրորդ շերտով և նույն գործընթացը կրկնում նաև մյուս շերտերի հետ:
- Տորթի վերևամասն ու կողքերը պատում ենք կրեմով և հավասարեցնում:
- Կողքերին ջեռոցում թեթևակի բոված (5-7 րոպե, 200 աստիճանում) նուշի փաթիլներ ենք ցանում:
- Տորթի տակ դրված յուղաթուղթը հանում ենք և ձևավորում հատապտուղներով:
Այս ամենից հետո տորթը մի քանի ժամով սառնարանն ենք դնում, որպեսզի ներծծվի:
- Ահա և վերջ:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, հատապտուղներով տորթ պատրաստելիս, պետք է հաշվի առնել նախասիրությունները, եթե քաղցր չեք սիրում, ապա թթվաշ հատապտուղներով պատրաստեք և հակառակը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
իսկ փխրեցուցիչ ????
Բարև Ձեզ Մարիաննա ջան, այս տորթի համար մեզ փխրեցուցիչ պետք չէ 🙂