- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 30-50 minutes
Կուլիչ
Բաղադրիչներ
- ալյուր - 800-1000 գր
- կաթ - 500 մլ
- շաքարավազ - 350 գր
- կարագ - 200 գր
- բուսայուղ - 50 մլ
- ձվի դեղնուց - 8 հատ+1 հատ(վրան քսելու համար)
- խմորիչ - 25 գր (թարմ կամ չոր խմորիչ 10 գր)
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - 1 թ/գդ (ոչ լիքը գդալ)
- Հավելումներ
- չամիչ - 200 գր
- չիր - 100 գր
- կոնյակ - 5 ճ/գդ (ըստ ցանկության)
- Ջնարակի համար՝
- ձվի սպիտակուց
- շաքարավազ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հավելումները։
Չամիչը լվանում ենք և չորացնում։ Չրերը անհրաժեշտության դեպքում չամիչի չափի կտրատում ենք։ Վրան կոնյակ կամ նարնջի հյութ ենք լցնում։ Կարող ենք այս պահը բաց թողնել։
- Պատրաստում ենք թթխմորը։
Մեծ ամանի մեջ ենք լցնում խմորիչը, մոտ 0,5 բաժակ կաթը։ Խմորիչը լավ տրորում ենք (կարող ենք ձեռքերով անել), որպեսզի ամբողջությամբ լուծվի։
- Մնացած կաթը գոլացնում ենք։ Ավելացնում ենք կաթի մեջ լուծված խմորիչին։ Այնուհետև այդ զանգվածի մեջ ենք լցնում 1 ճ/գդ շաքարավազը և 200 գր մաղած ալյուրը (եթե չոր խմորիչ է, ապա պարզապես խառնում ենք ալյուրի հետ)։
Լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Թթխմորը 30-40 րոպեով տաք տեղ ենք դնում։
Կարող ենք ջեռոցը միացնել, 1-2 րոպե թեթևակի տաքացնել, այնուհետև անջատել և թթխմորը անջատած վիճակում մեջը դնել։ Կարող ենք տաք ջրով լի կաթսայի մեջ դնել և այլն։
- Երբ խմորը 2-3 անգամ չափերով ավելանա, ուրեմն պատրաստ է։
- Ամանի մեջ ենք լցնում դեղնուցները, շաքարավազը, վանիլինը, աղը և բլենդերով հարում ենք մինչև համասեռ դառնա։ Եթե բլենդեր չկա, կարող ենք մեծ գդալով լավ խառնել։
- Մեծ ամանի մեջ լցնում ենք բարձրացած թթխմորը, ավելացնում ենք դեղնուցային զանգվածը և խառնում:
- Ավելացնում ենք 500 գր ալյուրը և գդալով լավ խառնում ենք։
- Կարագը նախապես սառնարանից հանում ենք (կամ միկրոալիքային վառարանում թեթևակի տաքացնում ենք), որ փափկի, և ավելացնում ենք զանգվածին։
- Գդալով լավ խառնում ենք։
- Աշխատանքային սեղանը ալյուրով պատում ենք։ 50 մլ բուսայուղ ենք առանձնացնում։ Բուսայուղ ավելացնելուց հետո կուլիչը ավելի փխրուն է դառնում։ Այդպես կուլիչը ավելի երկար կարելի է պահել, իսկ խմորը հունցելուց ավելի հեշտ կլինի։
Ձեռքերը բուսայուղի մեջ թաթախում ենք, խմորը դնում ենք սեղանի վրա։
Սկսում ենք խմորը հունցել, անհրաժեշտության դեպքում ալյուր և բուսայուղ ավելացնելով։ Սկզբում խմորը թույլ է և փխրվող, ձեռքերին կպչող խմոր է։
- Բայց երկար հունցելուց հետո այն ավելի հարթ է դառնում։ Պետք է առնվազն 20-30 րոպե հունցել, որքան շատ այնքան լավ։ Աշխատում ենք շատ ալյուր չավելացնել։ Ալյուրի քանակությունը կախված է ալյուրի տեսակից։ Խմորը պետք է փափուկ, հեշտ ենթարկվող լինի, բայց ոչ խիտ։
- Չամիչով ու չրերով զանգվածին ենք ավելացնում 1 ճ/գդ ալյուր և խառնում ենք։
Հավելումները լցնում ենք խմորի վրա և 5-7 րոպե հունցում ենք, որպեսզի հավելումները խմորի մեջ հավասարապես բաշխվեն։
- Խմորը տեղափոխում ենք կաթսայի մեջ (նախապես լվացած և բուսայուղով պատված կաթսայի մեջ)։
- 2-4 ժամով դնում ենք տաք տեղ, կամ այնքան մինչև խմորը մոտավորապես 2 անգամ ավելանա (կարող ենք դնել թեթևակի տաքացրած, անջատած ջեռոցի մեջ)։ Այնուհետև խմորը տրորում ենք. փակած բռունցքով սեղմում ենք խմորը, որ ածխաթթու գազը դուրս գա միջից։
Այնուհետև պատրաստման երկու ձև կա։
1-ին տարբերակ։ Խմորը կրկին 2-4 ժամով տաք տեղ ենք տեղափոխում կամ այնքան ենք թողնում մինչև խմորը 2 անգամ ավելանա։ Եթե այս տարբերակն ենք ընտրում, ուրեմն խմորիչի քանակությունը կկրկնապատկենք` 25-ի փոխարեն 50 գր։
2-րդ տարբերակ։ Խմորը տեղափոխում ենք սառնարանը, այն պետք է ամբողջ գիշերը սառնարանում մնա։ Այս տարբերակով խմորիչ շատ չենք օգտագործում, ինչպես 1-ին տարբերակի մեջ էր, խմորիչի համն էլ չի գալիս։ Այս տարբերակը հարմար է նաև այն առումով, որ երկու փուլով ենք պատրաստելու, ի տարբերություն 1-ին տարբերակի, որի դեպքում ամբողջ օրը պետք է կուլիչի պատրաստմամբ զբաղվել։
Երկու տարբերակներն էլ հարմար են, պարզապես ընտրեք այն, ինչն ավելի հարմար է Ձեզ։
- Հաջորդ օրը խմորը առավոտվանից սառնարանից հանում ենք, տրորում և թողնում ենք տաքանա (2-րդ տարբերակի դեպքում)։
Կամ էլ երկրորդ անգամ խմորը հասնելուց հետո տրորում ենք (եթե 1-ին տարբերակով ենք պատրաստում)։
- Խմորը չափաբաժինների ենք բաժանում և տեղավորում ենք ձևամանների մեջ` ձևամանի 1/3 չափով։ Կարող ենք թղթի ձևամաններ օգտագործել, այդ դեպքում ձևամանի մեջ ոչինչ պետք չի լինի քսել կամ ցանել։
Բոլոր կուլիչները կարող ենք միաժամանակ թխել. ստացվում է 1 հատ մեծ, 2 հատ միջին և 3 հատ փոքր կուլիչներ։
- 2-4 ժամով դնում ենք տաք տեղ, կամ այնքան մինչև խմորը մոտավորապես 2 անգամ ավելանա (կարող ենք դնել թեթևակի տաքացրած, անջատած ջեռոցի մեջ)։ Դեղնուցի վրա ենք ավելացնում 1 թ/գդ ջուրը և խառնում ենք։ Դեղնուցը վրձնով քսում ենք կուլիչի վրա։
- Կուլիչները տեղափոխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30-50 րոպե թխում ենք։ Փոքր կուլիչները թխում ենք 0,5 ժամ, իսկ մեծը` 50 րոպե։ Փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս թխվածքի միջից , ուրեմն թխվածքը պատրաստ է։
Պատրաստի կուլիչներն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Պատրաստում ենք ջնարակը։
Այժմ կուլիչները ավանդական տարբերակից ավելի օրիգինալ ենք ձևավորելու։
120 գր շաքարավազն ու 40 մլ ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և մոտ 5-7 րոպե եփում ենք, կամ էլ այնքան մինչև փափուկ գնդիկ ստանանք (եթե օշարակը ջրով լի բաժակի մեջ կաթեցնենք, պետք է փափուկ գնդիկ ձևավորվի)։ Օշարակը եփելու միջին փուլում 2 ձու ենք հարում մինչև կայուն փրփուր առաջանա։ Այնուհետև լցնում ենք եռացող օշարակը և շարունակում ենք հարել ևս 7-10 րոպե, մինչև զանգվածը բավականաչափ թանձրանա և ձևը պահի։
Եթե դասական ջնարակ ենք պատրաստում, 1 հատ սպիտակուցը հարում ենք` աստիճանաբար ավելացնելով 100-150 գր (կախված պնդությունից) շաքարավազ կամ շաքարի փոշի։
- Իտալական մերենգայի առավելություններից մեկն այն է, որ կարելի է խոհարարական պարկի միջոցով այսպես գեղեցիկ ձևավորել։ Պատրաստման ընթացքում, հում սպիտակուցները եռացող օշարակով մշակում են անցնում (ոմանց համար դա կարևոր է)։ Բացի այդ, այն կրեմից ավելի նուրբ է և կուլիչը կտրելուց չի առանձնանում։ Սպիտակուցներով եփովի կրեմը ցանկալի է 72 ժամից ավել չպահել։
Կուլիչները ձևավորում ենք ջնարակով, օրինակ, այսպես։
- Կամ այսպես։
- Կամ այսպես, ինչպես սովորաբար զարդարում են կուլիչները ։
- Կուլիչներն ավելի լավ է փաթեթների մեջ պահել, կամ էլ մեծ կաթսայի մեջ` փակ կափարիչով։
- Ահա այսպիսին է կտրած վիճակում։
Նուրբ, փափուկ, փխրուն , պարզապես իդեալական զատկական կուլիչ , որն ըստ արժանվույնս կգնահատվի, քանզի այն շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ,
Կարող ենք? որպես ձևաման օգտագործել ներժավիկի կաթսա.
Սիրելի Գայանե, կարելի է, սակայն պետք է պատել յուղաթղթով կամ յուղապատել, որպեսզի չկպչի։ 🙂
Շատ շնորհակալ եմ:
🙂 🙂
Բարեվ ձեզ 1 կուլիչի համար կասեք ինչ է անհրաժեշտ?
Karox enq kremi poxaren mek urish zardaranq anenl