- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Նրբաբլիթներով աղանդեր հունգարական ձևով
Նրբաբլիթներով այս աղանդերը հունգարական ամենահայտնի բաղադրատոմսն է, որի բազմաթիվ տարբերակներ կարելի է համտեսել Բուդապեշտի սրճարաններում: Իսկ մենք առաջարկում ենք պատրաստել ինքնուրույն և համտեսել տանը 🙂
Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար`
- ձու - 2 հատ
- կաթ - 200 մլ
- ալյուր - 160 - 200 գր
- Լցոնի համար՝
- ռոմ - 150 գր (կամ կոնյակ)
- չամիչ - 40 գր
- ընկույզ - 180 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև, կամ նարնջի)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- շաքարավազ - 80 գր
- դարչին - մեկ պտղունց
- Շոկոլադե սոուսի համար՝
- կաթ - 250 մլ + մի քանի ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 10 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կակաո - 50 գր
- Ինչպես նաև`
- կարագ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Չամիչն ու կիտրոնի մանր քերած կեղևը թրջում ենք 150 մլ ռոմի կամ կոնյակի մեջ ու թողնում ողջ գիշեր:
Պատրաստում ենք նրբաբլիթները: Ձուն սառը ձեռքի հարիչով կաթի հետ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում ալյուրը՝ լավ խառնելով, որպեսզի ստացվի համասեռ հեղուկ խմոր: Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք կաթ, մինչև ստացվի ջրիկ թթվասերի խտության խմոր: Տապակում ենք 12 բարակ նրբաբլիթ, յուրաքանչյուրի վրա մի պտղունց շաքարավազ ենք ցանում:
Պատրաստում ենք լցոնը: Սերուցքը հասցնում ենք եռման, մեջն ենք լցնում խոշոր աղացած ընկույզները, շաքարավազը, դարչինը: Չամիչն ու ցիտրուսների քերուկը հանում ենք ռոմից, լցնում սերուցքի մեջ: Ստացվում է խյուսանման զանգված: Եփում ենք մի քանի րոպե, որպեսզի շաքարավազը հալչի: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալկոհոլի կեսը (որի մեջ թրջել էինք չամիչն ու ցիտրուսների կեղևը), խառնում ու թողնում հովանա:
- Պատրաստում ենք շոկոլադե սոուսը: Սերուցքը մեծ կաթսայի մեջ հարում ենք մինչև լավ փրփրի, բայց շատ չխտանա: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ մարմանդ կրակին: Դեղնուցները 30 գր շաքարավազի հետ տրորում ենք, ավելացնում կակաոն և նորից տրորում: Այնուհետև ավելացնում ենք հալեցրած տաք շոկոլադը, մի քանի ճաշի գդալ կաթն ու ձեռքի հարիչով հարում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:
Կաթը 70 գր շաքարավազի ու վանիլինի հետ հասցնում ենք եռման: Կրակից վերցնում ենք ու բարակ շիթով լցնում շոկոլադային զանգվածի մեջ՝ վերջինս անընդհատ խառնելով:
Ստացված զանգվածին քիչ-քիչ ավելացնում ենք հարած սերուցքը: Եվ, վերջապես, մեջը լցնում ենք ալկոհոլի մնացած կեսը: Արդյունքում ստացվում է շատ նուրբ, թեթև ու փքուն շոկոլադային սոուս:
- Ամեն մի նրբաբլիթի մեջ դնում ենք լցոնը, խողովակաձև կամ եռանկյունի փաթաթում:
- Մատուցելուց առաջ թեթևակի տապակում ենք կարագով, իսկ ափսեի մեջ դնելուց հետո վրան շոկոլադային սոուս լցնում:
- Ահա և վերջ:
Այս շատ համեղ ու օրիգինալ նրբաբլիթներով արժե ուրախացնել հատկապես սպասված ու սիրված հյուրերին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: