- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Տարտ վանիլային կրեմով և բալով
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 120 գր
- շաքարավազ - 80 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կիտրոն - 1 թ/գդ (քերուկ)
- աղ - 1 պտղունց
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 350 մլ
- շաքարավազ - 90 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 2 թ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 60 գր
- հյութ բալի - 30 մլ
- Ինչպես նաև՝
- բալ - 300 գր
- ջուր - 70 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ժելատին - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Վանիլինը լցնում ենք կաթի մեջ, կաթը դնում միջին ուժգնության կրակին ու լավ տաքացնում, բայց չենք թողնում, որ եռա: Քանի դեռ կաթը տաքանում է, մեկ ուրիշ տարայի մեջ լցնում ենք շաքարավազն ու եգիպտացորենի օսլան, խառնում, որպեսզի օսլայի գնդիկները փշրվեն: Ավելացնում ենք ձուն ու զանգվածը խառնում այնքան, մինչև դառնա համասեռ: Ստացված զանգվածը քամելով լցնում ենք կաթով կաթսայի մեջ, դնում ենք մարմանդ կրակին ու անընդհատ սիլիկոնե թիակով խառնում, որպեսզի հատակին չկպչի:
Հենց որ կրեմը խտանում է, կրակից վերցնում ենք: Կարևոր է, որ կրեմը չեռա, այլապես ձվի համ կստանա:
Խորհուրդ. եթե ուզում եք վստահ լինել, որ կրեմի մեջ իրոք գնդիկներ չկան, մի քանի րոպե կարելի է հարել հարիչով:
Պատրաստի կրեմը կիպ ծածկում ենք սննդային թաղանթով, որպեսզի երեսին կեղև չառաջանա: Կրեմը պետք է մի քիչ հովանա, բայց ոչ սառնարանում: - Պատրաստում ենք փխրուն խմորը: Սեղանի վրա լցնում ենք ալյուրը, մեջտեղում փոսիկ անում ու լցնում շաքարավազը, աղը, փափկացրած կարագն ու կիտրոնի կեղևի քերուկը: Կարագն ու շաքարավազը խառնում ենք՝ առանց ալյուրին դիպչելու: Ավելացնում ենք դեղնուցները և խառնում: Հիմա արդեն սկսում ենք խառնել նաև ալյուրը: Խմոր ենք հունցում: Շատ երկար հունցել պետք չէ. հենց որ ալյուրը խառնվում ու գնդվում է, փաթաթում ենք թաղանթով ու առնվազն 1 ժամով դնում սառնարան:
Ժամանակը լրանալուց հետո խմորը 3-4 մմ հաստությամբ գրտնակում ենք, դնում ձևամանի մեջ, տեղավորում սառցախցիկում: Ջեռոցը 220 աստիճան տաքացնում ենք և սառեցրած տարտը 20-25 րոպե թխում, մինչև որ վերջինս ստանա ոսկեգույն-շագանակագույն երանգ:
- Բալը խառնում ենք ջրի ու շաքարավազի հետ, հասցնում եռման և եփում մի քանի րոպե: Ստացված հյութից 30 մլ պահում ենք մերենգայի համար:
Ժելատինը սառը ջրում թրջում ենք, քամում ու լցնում բալի մեջ: Խառնում ենք ու լցնում ձևամանի մեջ, որը պետք է ավելի փոքր լինի, քան տարտինը: Դնում ենք սառցախցիկում և թողնում, որ պնդանա:
- Սերուցքը հարում ենք, խառնում եփովի կրեմին: Ստացված կրեմը լցնում ենք տարտի մեջ:
- Բալի պնդացած դոնդողը ձևամանից հանում ենք ու դնում կրեմի վրա:
- Պատրաստում ենք մերենգան: Բալի հյութը խառնում ենք շաքարավազի հետ, դնում կրակին և եփում մինչև 121 աստիճան տաքացնելով: Օշարակը պետք է թեթևակի խտանա:
- Սկսում ենք սպիտակուցները միջին արագությամբ հարել: Հենց որ զանգվածը վերածվում է սպիտակ խիտ փրփուրի, սկսում ենք լցնել եռացող օշարակն ու հարել այնքան, մինչև մերենգան լրիվ հովանա: Տարտը զարդարում ենք մերենգայով և կարմրացնում խոհարարական կրակայրիչով կամ ջեռոցի գրիլի ռեժիմում:
- Ահա և վերջ:
Վանիլային կրեմով այս հիանալի տարտից կարելի է պատրաստել նաև այլ հատապտուղներով՝ ելակով, հաղարջով կամ ազնվամորիով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: