- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 45-50 minutes
- Cook Time: 15 minutes
Տորթ ”Երեք շոկոլադ”
Բաղադրիչներ
- բիսկվիթ «Սավոյարդի»-ի համար՝
- ձու - 2 հատ
- ալյուր - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- շաքարի փոշի - 30 գր
- Շոկոլադե Բավարուազի համար՝
- կաթ - 150 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 450 գր (150 գր Անգլեզ կրեմի մեջ, 300 գր` Բավարուազի մեջ)
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 40 գր
- ժելատին - 15 գր
- շոկոլադ սպիտակ - 40 գր
- շոկոլադ կաթնային - 40 գր
- «Սավոյարդի» բիսկվիթի օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 50 մլ
- կակաո - 10 գր
- Հայելանման ջնարակի համար՝
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 50 գր
- կակաո - 10 գր
- ժելատին - 3 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 10:
Պատրաստում ենք Սավոյարդիները։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստում ենք։ Չենք մոռանում 12 համարի գլխադիրով խոհարարական փաթեթի մասին։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք և շաքարավազի կեսի հետ խառնում ։ Հարիչով լավ հարում ենք մինչև շաքարավազը լուծվի և զանգվածը չափերով ավելանա։
Սպիտակուցները առանձին հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք և ավելացնում ենք մնացած շաքարավազը։ Հարում ենք այնքան մինչև կայուն փրփուր ստանանք և աստիճանաբար սպիտակուցներով զանգվածն ավելացնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ։ Զգուշորեն խառնում ենք, բայց անպայման չէ, որ զանգվածը համասեռ լինի։ Կարևորը, որ սպիտակուցային մասը շատ խառնելուց չնստի և օդեղեն մնա։ Մաղած ալյուրը աստիճանաբար ավելացնում ենք, և զգուշորեն, սիլիկոնե թիակով վերից վար շարժումներով խառնում ենք։ Ակտիվ չենք խառնում, որպեսզի սպիտակուցները օդեղեն մնան։
- Ահա այսպիսի տեսք ունի բիսկվիթի խմորը։ Այն համասեռ չէ, բայց ոչինչ։ Խմորը լցնում ենք գլխադիրով խոհարարական պարկի մեջ։
- Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք։ Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և վրան 16 սմ տրամագծով շրջան ենք գծում, որպեսզի տորթի տրամագիծը հասկանալի լինի։ Խմորը սկսում ենք շրջանի կենտրոնից խխունջի տեսքով դուրս սեղմել։ Գծանշված օղակից 1-1,5 սմ բաց ենք թողնում։ Այդպես ենք անում, որպեսզի այդ բաց տարածությունը սուֆլեով լցնենք և բիսկվիթը տորթի մեջ թաքնվի։
Կարող ենք մնացած խմորով փոքրիկ խխունջներ պատրաստել, երեխաները հաճույքով դրանք ուտում են։ Խմորի վրա շաքարի փոշի ենք ցանում, 5 րոպե թողնում ենք և 12-15 րոպեով տեղափոխում ենք ջեռոցը։ Առաջին 10 րոպեների ընթացքում ջեռոցի դուռը չենք բացում, որպեսզի բիսկվիթը չնստի։ Այնուհետև մատով սեղմում ենք, պատրաստի բիսկվիթը պետք է զսպանակի պես հետ գա. պետք է փափուկ բիսկվիթ ստանանք, այլ ոչ թե չոր թխվածքաբլիթ։
- Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք։ Բիսկվիթը փափկեցնելու համար շաքարավազով, ջրով և կակաոյի փոշիով օշարակ ենք պատրաստում։
Օշարակի բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և դնում միջին ուժեղության կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի, շաքարավազը լուծվելուց հետո կրակից վերցնում ենք։ Սառեցնում ենք։
- Այժմ պատրաստում ենք Բավարուազը` բավարական կրեմ-մուսսը։
Հենց դա է մեր եռաշերտ տորթը։ Բոլոր բաղադրիչները պատրաստում ենք։
Ժելատինը ջրում թրջում ենք և թողնում ենք ուռչի, իսկ այդ ընթացքում Անգլեզ կրեմն ենք պատրաստում։
- Այս կրեմը մեր շոկոլադային մուսսի հիմքն է։ Ձվի դեղնուցները շաքարավազի կեսի հետ միացնում ենք և խառնիչով լավ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի։
- Հրակայուն ամանի մեջ ենք լցնում կաթը, 150 մլ սերուցքը և շաքարավազի մնացած մասը։ Դնում ենք գոլորշու վրա և տաքացնում ենք։ Տաքացրած զանգվածի մի մասը լցնում ենք դեղնուցների մեջ և խառնում ենք այնքան, մինչև զանգվածը միասեռ դառնա։ Այնուհետև դեղնուցներով զանգվածը լցնում ենք գոլորշու վրա գտնվող հրակայուն ամանի մեջ և անընդհատ խառնելով մոտ 15 րոպե եփում ենք մինչև թեթևակի թանձրանա։ Շատ չենք տաքացնում, որպեսզի կրեմը չկտրվի։
- Կրեմը գոլորշու վրայից վերցնում ենք և ավելացնում ենք ուռած ժելատինը։ Լավ խառնում ենք մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի։
- Կրեմը 3 մասի ենք կիսում. մեկի մեջ լցնում ենք սպիտակ շոկոլադը, մյուսի մեջ` կաթնայինը, իսկ երրորդի մեջ` մուգ շոկոլադը։ Զգուշորեն խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի։
Ահա այսպիսի հարթ և գունավոր զանգվածներ ենք ստանում։ Սկզբում տորթի մեջ ենք լցնելու սև շոկոլադով զանգվածը, այդ իսկ պատճառով այն սառույցով լի տարայի վրա ենք դնում և անընդհատ խառնելով` սառեցնում։
- Սառած 300 մլ սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք, այնուհետև սերուցքի 1/3 մասը լցնում ենք, արդեն թանձրացող, սև շոկոլադով կրեմի մեջ։ Զգուշորեն վերից վար շարժումներով խառնում ենք զանգվածը` սերուցքի օդեղեն զանգվածով հարստացնելով։
Սկսում ենք հրուշակեղենային օղակով տորթը մատուցվող ափսեի մեջ հավաքել։ Եթե ժապավեն ունենք, կարող ենք օղակի կողքերով անցկացնել, որպեսզի մատուցելիս տորթն իր ձևը պահի։ Ժապավենը կարող ենք մատուցելուց անմիջապես առաջ հանել։
Մատուցվող ափսեի մեջտեղում ենք դնում օշարակով փափկեցրած «Սավոյարդի» բիսկվիթը։ Տեղադրում ենք օղակը և շոկոլադային բավարաուզը լցնում ենք բիսկվիթի վրա և տարածում ենք բիսկվիթի և օղակի միջև մնացած ազատ տարածության մեջ։ Տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի պնդանա։ Կաթնային շոկոլադով Բավարուազի մեջ ենք լցնում սերուցքի մնացած մասի կեսը, խառնում ենք։ Այնուհետև այն տարածում ենք պնդացած սև շոկոլադով Բավարուազի վրա։
Այժմ, մնացած սերուցքը խառնում ենք սպիտակ շոկոլադով զանգվածին և այն լցնում ենք արդեն պնդացած կաթնային շոկոլադով Բավարուազի վրա։ Տորթը տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի պնդանա։
- Այժմ պատրաստում ենք հայելանման ջնարակը։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստում ենք։ Ժելատինի վրա 2 ճ/գդ ջուր ենք լցնում, թողնում ենք ուռչի։ Շաքարավազն ու կակաոյի փոշին խառնում ենք, ավելացնում ենք ջուրն ու գլյուկոզան։ Խառնուրդը եռման աստիճանի ենք հասցնում և կրակի վրայից վերցնում ենք։ Ավելացնում ենք ուռած ժելատինը և զգուշորեն խառնում ենք, որպեսզի պղպջակներ չառաջանան։ Բայց, եթե այնուամենայնիվ, պղպջակներ են առաջացել, ապա սննդային փաթեթի կտոր ենք վերցնում, զգուշորեն ջնարակի մակերևույթին դնում և հանում։ Օդի պղպջակները սննդային փաթեթի վրա կմնան, իսկ ջնարակը հարթ կլինի։
- Ահա այսպիսի գեղեցիկ հայելանման ջնարակ ենք ստանում։ Թեթևակի սառեցնում ենք և լցնում տորթի վրա` հավասարապես տարածելով տորթի մակերևույթով մեկ (տորթի ամանը թեքում ենք, որպեսզի հավասարապես տարածենք)։ Ջնարակը շատ չպետք է սառեցնենք, այլապես լցնելուց սառը տորթի հետ շփումից, հավասարապես չի տարածվի։ Տորթը տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ջնարակը սառչի և ըստ ցանկության ձևավորում ենք։ Կարող ենք օղակը հանել և միայն ժապավենով թողնել։
- Ժապավենը հանում ենք: Տորթի վերևամասը մարմելադի կտորներով կարող ենք զարդարել։ (եթե առանց ժապավենի ենք պատրաստում, ապա սուր դանակով տորթի կողքերով անցնում ենք, որպեսզի օղակը հանենք): Եթե ջնարակի շերտը հաստ է, ապա կտրելուց առաջ դանակի սայրը տաքացնում ենք, որպեսզի կտրելիս, ջնարակը հեշտ կտրվի։
- Բարի ախորժակ:
Մեր պատրաստած «Երեք շոկոլադ » տորթն առանց ժապավենի այսպիսի տեսք ունի։ Համաձայնեք, որ գեղեցիկ է, դե իսկ համի մասին չենք խոսում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
uzum em patvirel
Հարգելի Արփինե, ցավոք մենք պատվերներ չենք ընդունում միայն ներկայացնում ենք Ձեզ համեղ բաղադրատոմսեր 🙂