- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 35 minutes
Տորթ-մուսս «Սիմֆոնիա»
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 115 գր
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 1 պտղունց
- ջուր - 2 ճ/գդ
- Մասկարպոնեով բավարուսի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 90 գր
- շոկոլադ սպիտակ - 80 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- ժելատին - 9 գր
- Կարմիր հաղարջով մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 360 մլ
- ժելատին - 9 գր
- ջուր - 90 մլ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 90 գր
- շոկոլադ սպիտակ - 110 գր
- Հաղարջով խյուսի համար՝
- հաղարջ - 250 գր (կարմիր)
- ջուր - 60 մլ
- շաքարավազ - 60 գր
- Կարմիր հաղարջով ջնարակի համար՝
- ժելատին - 4-5 գր
- ջուր - 30 մլ
- ինվերտային օշարակ - 60 մլ
- Սավոյարդի շերտի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- Ինչպես նաև`
- ջեմ ծիրանի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, աղը, շաքարավազը և խորանարդիկներով կտրատված սառը կարագը: Խառնում ենք մինչև փշրանքների առաջացումը: Լցնում ենք ջուրը և արագ հունցում խմորը քանի դեռ կարագը չի հալչել: Կլորացնում ենք խմորը, փաթաթում պոլիէթիլենային թաղանթի մեջ և դնում սառնարան 30-40 րոպեով:
Աշխատանքային մակերևույթին ալյուր ենք լցնում, սառը խմորը 3 մմ հաստությամբ գրտնակում ենք՝ թխելու ձևամանից մի փոքր մեծ տրամագծով: Խմորից կտրում ենք անհրաժեշտ տրամագծով շրջան: Որպես շաբլոն կարելի է օգտագործել ձևամանի օղակը (տվյալ դեպքում՝ 24-25 սմ): Կտրած շրջանը դնում ենք տապակի մեջ: Տեղափոխելիս խմորը չվնասելու համար կարելի է այն գրտնակել սիլիկոնե փոքր գորգի կամ յուղաթղթի վրա: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք: Թխում ենք 190 աստիճանում, մոտ 10 րոպե և հովացնում ենք:
- Պատրաստում ենք մասկարպոնեով բավարուսը: Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը, իսկ պանիրը թիակով տրորում ենք: Սերուցքը լցնում ենք պանրի վրա վերևից ներքև շարժումով խառնում: Դնում ենք սառնարան:
- Ժելատինը սառը ջրում թրջում ենք, իսկ շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա տաքացնում: Այնուհետև Ժելատինը հալեցնում ենք և խառնում շոկոլադին:
- Սպիտակուցն ու շաքարավազը գոլորշու վրա տաքացնում ենք մինչև 60 աստիճան: Գոլորշու վրայից վերցնում ենք, շարունակում հարել մինչև հովանա (4-5 րոպե՝ ամենաբարձր արագությամբ): Շոկոլադի 1/3-ը շատ արագ խառնում ենք հարած սերուցքի 1/3-ի հետ: Նույնպես արագ խառնում ենք շոկոլադի մնացած մասն ու դեղնուցները: Վերջում ավելացնում ենք սերուցքապանրային զանգվածը: Մուսսը պետք է օգտագործել անմիջապես:
- Պատրաստում ենք հաղարջով խյուսը: Հաղարջը, շաքարավազն ու ջուրը դնում ենք կրակին ու եռացնում այնքան, մինչև հաղարջը փափկի: Այնուհետև զանգվածը ճզմում ենք ու անցկացնում մաղով:
- Պատրաստում ենք հաղարջով մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը և տեղափոխում ենք սառնարան: Ժելատինը ջրում թրջում ենք: Սպիտակուցները խառնում ենք շաքարավազի հետ ու գոլորշու վրա տաքացնում մինչև 60 աստիճան՝ անընդհատ հարելով: Կրակից վերցնում ենք, շարունակում հարել այնքան, մինչև լրիվ հովանա ու վերածվի պինդ փրփուրի: Շոկոլադը խառնում ենք հաղարջի խյուսին:
Ժելատինը հալեցնում ենք ու խառնում հաղարջի խյուսին (կարևոր է, որ խյուսի ջերմաստիճանը սենյակայինից ցածր լինի): Ստացված զանգվածը լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ, խնամքով ավելացնում ու խառնում սերուցքը: Չենք հարում: Մուսսը պետք է օգտագործել անմիջապես:
- Պատրաստում ենք կարմիր հաղարջով ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք, թողնում ուռչի, հետո դնում ենք գոլորշու վրա և տաքացնում մինչև լուծվելը:
Պատրաստում ենք ինվերտային օշարակ : Այնուհետև խառնում ենք օշարակը, հաղարջի խյուսն ու ժելատինը: Օգտագործում ենք անմիջապես, հենց որ ջնարակը սկսում է խտանալ: Եթե ջնարակը սառում է մինչև օգտագործելը, ապա տորթի վրա լցնելուց առաջ պետք է տաքացնել մինչև անհրաժեշտ խտության: - Պատրաստում ենք Սավոյարդի շերտը: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և 75 գր շաքարավազի հետ հարում` մինչև զանգվածը պնդանա։
Դեղնուցները շաքարավազի մյուս կեսի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։ Դեղնուցային և սպիտակուցային զանգվածները միացնում ենք իրար։ Ալյուրը մաղում ենք և զգուշորեն ավելացնում խմորին։ Խմորը պետք է օդեղեն ստացվի։ Խմորն ու շաքարի փոշին լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և յուղաթղթով պատված տապակի մեջ շրջանի տեսք տալիս:
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, տապակը տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 10 րոպե թխում ենք` առանց դուռը բացելու։ Այնուհետև տապակը հանում ենք, ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 180 աստիճան և թխում ևս 5 րոպե:
- Հավաքում ենք տորթը: Փխրուն շերտը դնում ենք տորթի տակդիրի վրա, վրան հավասարաչափ տարածում ծիրանի ջեմը:
- Ջեմի վրա դնում ենք փոքր կտորների բաժանած Սավոյարդի շերտը: Ամուր հագցնում ենք տորթի օղակը, բիսկվիթի վրայից լցնում բավարուսը: Առնվազն 2 ժամով դնում ենք սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:Ժամանակը լրանալուց հետո օղակը բացում ենք, ամրացնում այնպես, որ 1 սմ արանք մնա: Վրայից լցնում ենք կարմիր հաղարջի մուսսը, առնվազն 2 ժամով դնում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
- Ջնարակը լցնում ենք տորթի վրա ու թիակով հարթեցնում: 1-2 ժամով դնում ենք սառնարան: Բարակ դանակը մտցնում ենք տաք ջրի մեջ, խնամքով սահեցնում օղակի պատերի ներսի կողմով և օղակը հանում:
- Պատրաստ է:
Ահա և վերջ, հատապտղային տորթ-մուսս ուտելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: