- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ – սուֆլե ազնվամորիով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 115 գր
- հյութ նարինջի - 50 մլ
- շաքարի փոշի - 60 գր
- շաքարավազ - 50 գր
- բուսայուղ - 30 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 30 մլ
- օսլա (крахмал) - 15 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- ձվի դեղնուց - 3 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- վանիլին - ըստ ճաշակի
- Կրեմի համար`
- շաքարավազ - 250 գր
- կարագ - 120 գր
- հյութ խնձորի - 100 գր
- խտացրած կաթ - 100 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ագար-ագար - 6 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Օշարակի համար`
- ազնվամորի - 100 գր
- շաքարավազ - 70 գր
- ջուր - 30 մլ
- Ձևավորման համար`
- պանիր մասկարպոնե - 130 գր
- խտացրած կաթ - 60 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- ազնվամորի - ըստ ճաշակի
- թխվածքաբլիթ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Պատրաստում ենք խմորը: Ալյուրը, շաքարի փոշին, օսլան, աղն ու փխրեցուցիչը լցնում ենք ամանի մեջ և խառնում ենք։ Դեղնուցները, սերուցքը, բուսայուղը, նարնջի հյութն ու վանիլինը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և հարում ենք մինչև զանգվածը փրփրի։ Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք ալյուրով խառնուրդն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
Սպիտակուցները, մեկ պտղունց աղն ու շաքարավազը լցնում ենք մեկ այլ մաքուր ամանի մեջ և հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք, այնուհետև սպիտակուցներով զանգվածը երեք անգամով լցնում ենք ալյուրով խառնուրդի մեջ։ Այնքան ենք խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։
Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ (նախապես բուսայուղ չենք քսում) և 40 րոպեով դնում մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ (կարող ենք փայտիկով փորձել, պատրաստ է, թե ոչ)։
- Պատրաստում ենք կրեմ-սուֆլեն: Ագարը թրջում ենք խնձերի հյութի մեջ և 10 րոպե հանգիստ ենք թողնում (այս բաղադրատոմսի մեջ ագարը ժելատինով փոխարինել չի կարելի)։ Ագարով խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք շաքարավազը և ուժեղ կրակի վրա եփում ենք, մինչև խառնուրդը դառնա կպչուն և խառնիչից դանդաղ դեպի ներքև ծորա։ Խառնուրդը վերցնում ենք կրակի վրայից և մինչև 80-85 աստիճան սառեցնում։
Սպիտակուցները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և սկսում ենք հարել` ընթացքում ավելացնելով ագարով խառնուրդը։ Սպիտակուցների վրա ենք լցնում սենյակային ջերմաստիճանի փափկեցրած կարագը, վանիլինը և խտացրած կաթը, հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Սուֆլեն պատրաստ է (աստիճանաբար սկսելու է թանձրանալ)։
- Պատրաստում ենք օշարակը: Պատրաստի շերտը երկու մասի ենք կիսում և ազնվամորու օշարակով փափկեցնում (ազնվամորին մանրացնում ենք մաղով անցկացնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք, այնուհետև խառնում ենք շաքարավազի ու ջրի հետ և տաքացնում` մինչև շաքարավազը լուծվի)։
Ներքևի շերտը դնում ենք ձևամանի մեջ, վրան ենք լցնում կրեմի կեսը, ծածկում ենք երկրորդ շերտով և կրեմի մնացած մասը լցնում տորթի վրա։ Տորթը 1-3 ժամով դնում ենք սառնարանը։
- Ձևավորման համար կարող ենք շոկոլադ օգտագործել, բայց կարող ենք նաև մասկարպոնեով և խտացրած կաթով կրեմ պատրաստել։ Դրա համար հարկավոր է հարել մասկարպոնեն, ավելացնել խտացրած կաթն ու վանիլինը՝ շարունակելով հարելը մինչև միասեռ զանգվածի ստացումը:
Տորթի կողքերը պատում ենք կրեմով, մանրացված թխվածքաբլիթներով ներքևի «հարկ»-ն ենք ձևավորում, իսկ վերևամասում ազնվամորի ենք շարում։
- Ահա և վերջ:
Շատ համեղ տորթ – սուֆլե է ստացվում, բայց եթե այն անհետաքրքիր է թվում, կարող եք մանր ծաղիկներով կամ ծաղկաթերթերով ձևավորել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: