- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45-50 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ «Monia»
Բաղադրիչներ
- Ֆրանսիական մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 9 հատ (250 գր)
- շաքարի փոշի - 500 գր
- շոկոլադ սև - 150 գր
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 90 գր
- ալյուր - 75 գր
- օսլա (крахмал) - 25 գր
- վանիլին - 1 պատիճ
- Վանիլային շանտիլյիի համար՝
- ժելատին - 8 գր
- ջուր - 40 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 560 գր
- շաքարավազ - 75 գր
- Եփովի կրեմի համար՝
- ձու - 1 հատ
- կաթ - 250 մլ
- շաքարավազ - 50 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- վանիլին - 1 պատիճ
- Ելակով օշարակի համար՝
- ելակ - 150 գր (խյուս)
- ջուր - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- Զարդարելու համար՝
- ելակ - 500 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք ֆրանսիական մերենգան: Ձվի սպիտակուցները 250 գր շաքարի փոշու հետ հարում ենք այնքան, մինչև դառնա խիտ և կայուն փրփուր: Ավելացնում ենք մնացած շաքարի փոշին ու ձեռքի հարիչով խառնում: Մերենգայից խոհարարական թղթի վրա 26 սմ տրամագծով երկու շրջան ենք ձևավորում: Թխում ենք 90 աստիճանում 3 ժամ: Պատրաստի բեզեն թողնում ենք ջեռոցում հովանա: Հովանալուց հետո հանում ենք, վրան հալեցրած շոկոլադ քսում:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը, շաքարավազն ու վանիլինի սերմերը գոլորշու վրա անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 45 աստիճան: Հարում ենք այնքան, մինչև վերածվի թեթև սպիտակ զանգվածի: Զգուշությամբ ավելացնում ենք միասին մաղած ալյուրն ու օսլան: Բիսկվիթի տրամագիծը պետք է բեզեից փոքր լինի՝ 24 սմ: 15-20 րոպե թխում ենք 190 աստիճանում, իսկ պատրաստ լինելը ստուգում չոփիկի օգնությամբ:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթն ու վանիլինի սերմերը տաքացնելով հասցնում ենք եռման: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի սպիտակ ու խիտ զանգվածի: Ավելացնում ենք օսլան: Անընդհատ խառնելով, աստիճանաբար լցնում ենք տաք կաթը: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, դնում միջին ուժգնության կրակին, հասցնում ենք եռման ու խառնելով եփում այնքան, մինչև կրեմը խտանա: Լցնում ենք կաթսայի մեջ, ծածկում թաղանթով ու թողնում հովանա:
- Պատրաստում ենք ելակով օշարակը: Ելակը, ջուրն ու շաքարավազը լցնում ենք բլենդերի մեջ և լավ հարում: Օշարակի մի մասով թրջում ենք բիսկիթը:
Պատրաստում ենք վանիլային շանտիլյին: Ժելատինը 40 մլ ջրում 15 րոպե թրջում ենք: 560 գր սերուցքից առանձնացնում ենք 20 գր, տաքացնելով հասցնում եռման, ավելացնում ուռած ժելատինը: Խառնում ենք մինչև ժելատինի լուծվելը: Սառած սերուցքը շաքարավազի հետ հարում ենք մինչև խիտ փրփուրի վերածվելը: Ժելատինային զանգվածը խառնում ենք եփած կրեմին, ավելացնում հարած սերուցքը: Խնամքով խառնում ենք, դնում սառնարան:
Հավաքում ենք տորթը: Բոլոր շերտերն ըստ հերթականության դնում ենք իրար վրա.
- Բեզե (շոկոլադապատ մասը դեպի վերև),
- Վանիլային շանտիլյի,
- Ելակի օշարակով ներծծված բիսկվիթ,
- Վանիլային շանտիլյի,
- Բեզե (շոկոլադապատ մասը դեպի ներքև):
- Մնացած վանիլային շանտիլյին քսում ենք տորթի կողքերին: Տորթը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան, հետո զարդարում հարած սերուցքով, ելակով ու ելակի օշարակով:
Շատ համեղ ու տոնական տորթ է ստացվում, որը կարող ենք պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված ելակով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: