- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Sarawak layer cake»
Բաղադրիչներ
- Տորթի համար՝
- կարագ - 250 գր
- շաքարավազ - 250 գր
- աղ - 1պտղունց
- ձու - 7 հատ
- ալյուր - 150 գր
- օսլա (крахмал) - 100 գր
- վանիլին - 1 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- Գանաշի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- կարագ - 1 ճ/գդ
- Զարդարանքի համար՝
- խտացրած կաթ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Փափկացրած կարագը շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև ստացվի բաց գույնի փքուն զանգված: Հատ-հատ ավելացնում ենք ձվի դեղնուցները, շարունակում ենք հարել մինչև համասեռ դառնալը:
Ավելացնում ենք մաղած ալյուրն ու օսլան և լավ խառնում ենք: Ձվի սպիտակուցները մի պտղունց աղի հետ լավ հարում ենք, որպեսզի ստանանք կայուն փրփուր: Զգուշությամբ լցնում ենք խմորի մեջ ու խառնում պտուտակաձև սահուն շարժումներով: Խմորը հավասար կիսում ենք: Մեկի մեջ վանիլին ենք ավելացնում, իսկ մյուսի մեջ՝ կակաո:
- Բացվող կողքերով քառակուսի ձևամանի (20-22 սմ) հատակը թեթևակի ձիթայուղում ենք կամ յուղաթուղթ ենք փռում: Ջեռոցը տաքացնում ենք 185-190 աստիճան: Ձևամանի հատակին լցնում ենք 2 ճ/գդ մուգ կամ բաց խմոր: Գդալի հակառակ կողմով հարթեցնում ենք ձևամանի ողջ մակերևույթով:
Թխում ենք ջեռոցի վերին մակարդակում, 2-3 րոպե: Այդ ընթացքում խմորը հավաքվում է: Ջեռոցից հանում ենք, վրան լցնում 2-3 ճ/գդ մյուս գույնի խմորից և հավասարաչափ տարածում:
- Նորից 2-3 րոպեով դնում ենք ջեռոցը: Շարունակում ենք շերտերը նույն կերպ հերթագայել, մինչև որ խմորները վերջանան: Թխվածքը ջեռոցից հանում ենք և 15 րոպե հովացնում ձևամանի մեջ:
- Ձևամանից հանում ենք, քանոնի օգնությամբ թխվածքը բաժանում ենք 6 շերտի: Կարևոր է, որ կտրված շերտի լայնությունն ու բարձրությունը նույնը լինեն, քանի որ կտրվածքը պետք է քառակուսի լինի: Արդյունքում ստացվում է 4 լիարժեք չորսու, որոնցով պատրաստելու ենք տորթը: Մյուս երկուսը, որ ավելի նեղ են ստացվում, կարելի է պարզապես կտրատել ու վրան շոկոլադե ջնարակ լցնել: Դրանք հենց այդպես էլ շատ համեղ են:
- Խտացրած կաթը թեթևակի տաքացնում ենք, քսում երկու կտոր թխվածքի ներսի կողմերին ու միացնում: Այնպես ենք անում, որ մի կտորի սև ու սպիտակ գծերը հորիզոնական լինեն, մյուսինը՝ ուղղահայաց: Մյուս երկու կտորը նույն կերպ միացնում ենք խտացրած կաթով, բայց գծերի դասավորությունը պետք է հակառակը լինի:
- Ստացված կիսապատրաստվածքը ամուր փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, թողնում 3-4 ժամ: Կարելի է պահել սառնարանում:
Այդ ընթացքում սերուցք տաքացնում ենք, կրակից վերցնում, ավելացնում շոկոլադի կտորներն ու թողնում մի քանի վայրկյան: Հետո խառնում ենք, մինչև որ շոկոլադը լուծվի, ավելացնում ենք կարագն ու նորից խառնում, մինչև ստացվի հարթ զանգված:
- Տորթը շրջում ենք, դնում ցանցի վրա ու վրան գանաշ լցնում: Դա կարելի անել նաև երկու անգամով: Թողնում ենք գանաշը պնդանա, հետո մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Ահա և վերջ:
Համեղ ու օրիգինալ տորթ է ստացվել, որն ըստ ցանկության կարելի է զարդարել կակաոյով կամ շոկոլադի քերուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: