- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10-15 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ կոկոսի միջուկով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կակաո - 25 գր
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձու - 2 հատ (դեղնուց )
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 50 գր
- ալյուր - 20 գր
- ձու - 2 հատ (դեղնուց )
- կոկոսի քերուկ - 30 գր
- Վրան լցնելու համար՝
- շոկոլադ սև - 60 գր
- կարագ - 30 գր
- կոկոսի քերուկ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, դեղնուցները, շաքարի փոշին և աղը լցնում ենք ամանի մեջ, լավ հարում ենք
մինչև սպիտակ միասեռ զանգված ստանանք։
- Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը մեկ այլ ամանի մեջ ենք լցնում և խառնում։
Չոր խառնուրդը մաս առ մաս ավելացնելով հարած զանգվածին, խմոր ենք հունցում։
Այնուհետև ձեռքերով խմորը գնդում ենք, անհրաժեշտության դեպքում մի քանի գդալ սառը ջուր կամ կաթ ենք ավելացնում (խմորը երկար չենք հունցում)։
Խմորը սառնարանում մոտ 30 րոպե սառեցնում ենք։
- Խմորը 2-3 մասի ենք բաժանում և յուրաքանչյուրը մոտ 5 մմ հաստությամբ շերտով
գրտնակում ենք։ 5-6 սմ տրամագծով շրջաններ ենք կտրում` ձևամանով կամ բաժակով։
- Շրջանները տեղափոխում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ։
Եթե խմորը հասցրել է տաքանա, թխելուց առաջ հենց տապակով 30-60 րոպեով
տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թխվելուց ձևն ավելի լավ պահպանեն։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10-15 րոպե
թխում ենք։
- Պատրաստի թխվածքաբլիթներն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։
Հաստ տակով ոչ մեծ կաթսայի մեջ դեղնուցներն ու շաքարավազը տրորում ենք։
- Ավելացնում ենք ալյուրը, կոկոսի քերուկը և կաթի մոտ 1/4 մասը, լավ խառնում ենք։
- Լցնում ենք մնացած կաթն ու դնում ենք կրակի վրա։
- Անընդհատ խառնելով եփում ենք մինչև լավ թանձրանա (բավական թանձր կրեմ ենք
ստանում)։ Պատրաստի կրեմը ամբողջությամբ սառեցնում ենք։
- Թխվածքաբլիթի մի կեսի վրա ենք լցնում 1 թ/գդ (լիքը գդալ) կրեմը։
- Երկրորդ կեսով ծածկում ենք և թեթևակի սեղմում։
Այդպես հավաքում ենք բոլոր թխվածքաբլիթները։
- Շոկոլադն ու կարագի խորանարդիկները գոլորշու վրա (կամ միկրոալիքային վառարանում) հալեցնում ենք։
Յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա մի քիչ շոկոլադ ենք լցնում։
- Վրան կոկոսի քերուկ ենք ցանում։
Ցանկալի է թխվածքաբլիթները 3-4 ժամ սենյակային ջերմաստիճանում թողնել, որպեսզի լավ ներծծվեն, կամ էլ գիշերը թողնել սառնարանում (թխվածքաբլիթների ամանը սննդային փաթեթով ծածկում ենք)։ Այդպես այն կրեմի խոնավությունն իր մեջ կքաշի և շատ նուրբ և համեղ կդառնա։
Կոկոսային հագեցած համով և բույրով փխրուն շոկոլադե թխվածքաբլիթ , որը հարմար է մատուցել 1 բաժակ թեյի կամ սուրճի , ինչպես նաև տարբեր տեսակի հյութերի հետ։ Նշված բաղադրիչներից 15 հատ թխվածքաբլիթ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: