- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ “Սև անտառ”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 100 գր
- օսլա (крахмал) - 50 գր
- կակաո - 30 գր
- սոդա - 1 պտղունց
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 170 գր
- կարագ - 30 գր (հալեցրած)
- Շերտերը փափկեցնելու համար՝
- լիկյոր մրգային - 100մլ (բալի)
- Միջուկի համար՝
- բալ - 400 գր
- շաքարավազ - 50 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 800 մլ
- շաքարի փոշի - 120-150 գր
- կակաո - 2 թ/գդ
- Ձևավորման համար՝
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 21-23 սմ տրամագծով ձևամանի համար։
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվերն ու շաքարավազը լցնում ենք հարիչի բաժակի մեջ և դնում ենք գոլորշու վրա։
- Զանգվածն անընդհատ խառնելով հասցնում ենք մոտ 43 աստիճանի (եթե ջերմաչափ չկա, մատով ենք փորձում, զանգվածը պետք է մարմնի ջերմաստիճանից փոքր-ինչ տաք լինի)։ Գոլորշու վրայից վերցնում ենք և ամենաուժեղ արագության տակ հարում ենք` մինչև զանգվածը 3 անգամ ավելանա։
- Կակաոն, սոդան, օսլան և ալյուրը մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածին` զգուշորեն վերից վար շարժումներով խառնելով։
- Զանգվածի մի մասն առանձնացնում ենք և խառնում հալեցված կարագի հետ, այնուհետև զգուշորեն ավելացնում ենք նաև մնացած զանգվածը։
- Խմորը դնում ենք յուղապատ ձևամանի մեջ, տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե թխում ենք (մինչև փայտիկը խմորից չոր դուրս գա)։ Ջեռոցից հանում ենք, մոտ 15 րոպե ձևամանի մեջ ենք թողնում, այնուհետև հանում ենք ձևամանից և ամբողջությամբ սառեցնում։
Միջուկի համար բալը լցնում ենք կաթսայի մեջ և վրան շաքարավազ ենք լցնում։
- Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի։ Թույլ կրակի վրա մոտ 3-5 րոպե եփում ենք, այնուհետև կրակից վերցնում ենք, լցնում ենք քամիչի վրա, որպեսզի հյութը քամվի։ Եթե տորթը լիկյորով չենք փափկեցնելու, կարող ենք այս հյութն օգտագործել։
Ձևավորման համար շոկոլադի կեսը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։ Բարակ շերտով տարածում ենք մեծ ափսեի կամ մատուցարանի մեջ։
- Տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի։
Պատրաստում ենք կրեմը սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք։
- Սերուցքի 2/3 մասը առանձնացնում ենք, ավելացնում կակաոն, թեթևակի հարում ենք մինչև սերուցքն ու կակոն խառնվեն իրար։
Սառած բիսկվիթը 3 մասի ենք կիսում։ Սկսում ենք տորթը հավաքել։ Մատուցարանի վրա ենք դնում առաջին շերտը, լիկյորով կամ օշարակով ներծծում ենք, պատում ենք շոկոլադե-սերուցքային կրեմով։ Հրուշակեղենային պարկի օգնությամբ տորթի մակերեսին սերուցքով շրջաններ ենք անում, իսկ շրջանների միջև բալ ենք շարում։ Այդ գործընթացի համար անհրաժեշտ է շոկոլադե սերուցքի կեսը ։
- Ծածկում ենք երկրորդ շերտով, կրկին փափկեցնում ենք, պատում ենք կրեմով, տորթի մակերեսին սերուցքով շրջաններ ենք անում, իսկ շրջանների միջև բալ ենք շարում։ Ծածկում ենք վերջին շերտով։ Տորթի վերևամասն ու կողքերը պատում ենք սպիտակ սերուցքով։
Շոկոլադով ափսեն սառնարանից հանում ենք ։ Լայն դանակի օգնությամբ քերուկ ենք պատրաստում։
- Մնացած շոկոլադը ավելի ենք մանրացնում` քերուկ-փշրանքի ենք վերածում։ Մանր քերուկով ձևավորում ենք տորթի կողքերը։ Տորթի մակերեսին հրուշակեղենային պարկով 12 հատ սերուցքային վարդ ենք անում և յուրաքանչյուր վարդի վրա մեկական բալ ենք շարում։ Տորթի մեջտեղի հատվածը ձևավորում ենք խոշոր քերուկով։
Տորթը առնվազն 4-6 ժամով տեղափոխում ենք սառնարանը (ավելի լավ է գիշերը սառնարանում թողնել), որից հետո կարող ենք համտեսել։
Եթե բալով թխվածքների սիրում եք, ապա Ձեզ կհետաքրքրեն նաև մեր կայքում ներկայացված ևս մի քանի բալով թխվածքների բաղադրատոմսեր. օրինակ մեր կայքի բալով շոկոլադե կեքսը կամ բալով թխվածքը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: