- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 25-30 minutes
Կաթնաշոռով տորթ բիսկվիթային ռուլետներով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 80 գր
- ալյուր - 100 գր
- կիտրոն - 1/2 հատ (կեղև)
- Օշարակի համար`
- ջուր - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- Հատապտղային շերտի համար`
- ջեմ - 5-6 ճ/գդ (թթվա-քաղցր ջեմ կամ մուրաբա)
- Միջուկի համար`
- թթվասեր - 400 գր
- կաթնաշոռ - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- շաքարավազ - 70 գր
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Շատ համեղ, գեղեցիկ և օրիգինալ տորթ` բիսկվիթային ռուլետով։ Այս տորթը պատրաստվում է նուրբ թթվասերա-կաթնաշոռային միջուկով։ Եթե կաթնաշոռը համասեռ չէ, ապա պետք է մաղով անցկացնել։ Միջուկի համար կարելի է ցանկացած թթվա-քաղցր ջեմ վերցնել։
Պատրաստում ենք ռուլետը։
Կես կիտրոնի կեղևը քերում ենք, բայց այնպես, որ սպիտակ շերտը չքերվի։
- Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք մինչև օդեղեն սպիտակ զանգված ստանանք: Ավելացնում ենք կիտրոնի կեղևը, այնուհետև մաս առ մաս ավելացնում ենք մաղած ալյուրը` յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո թիակով կամ գդալով վերից վար շարժումներով լավ խառնելով։
- Յուղաթուղթը դնում ենք տապակի մեջ։ Լցնում ենք խմորը և հավասարապես տապակով մեկ տարածում։ Տապակը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում ենք մինչև խմորը թեթևակի ոսկեգույն երանգ ստանա։ Եթե շերտը ջեռոցում շատ պահենք, այն կչորանա և փաթաթելուց կկոտրվի։
- Պատրաստի շերտը շրջում ենք մեկ այլ յուղաթղթի վրա և թողնում ենք սառչի։
Պատրաստում ենք օշարակը։
Շաքարավազը տաք ջրում լուծում ենք, սառեցնում, այնուհետև ավելացնում կիտրոնահյութն ու խառնում։
Շերտը յուղաթղթից առանձնացնում ենք, իսկ չոր եզրերը կտրում։ Բիսկվիթային շերտը երկու կողմից օշարակով փափկեցնում ենք։
- Շերտի վրա ջեմ կամ մուրաբա ենք քսում։
- Յուղաթղթի օգնությամբ բիսկվիթը ռուլետաձև փաթաթում ենք։ Վրան տախտակ ենք դնում և մի կողմ դնում` մինչև թթվասերա-կաթնաշոռային միջուկը պատրաստենք։
- Պատրաստում ենք միջուկը։
Շոկոլադը կտրատում ենք և դնում ամանի մեջ։ Այնուհետև դնում ենք գոլորշու վրա` մինչև շոկոլադը հալվի, որից հետո կրակից վերցնում ենք և մի քիչ սառեցնում։
- Ժելատինի վրա 100 մլ ջուր ենք լցնում և 10 րոպե (կամ այնքան, որքան նշված է փաթեթի վրա) թողնում ենք, որպեսզի ժելատինն ուռչի։ Ժելատինը դնում ենք թույլ կրակի վրա, թեթևակի տաքացնում ենք, խառնում` մինչև ժելատինը ամբողջությամբ լուծվի։ Սառեցնում ենք։
- Թթվասերը, կաթնաշոռն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք սպիտակ շոկոլադն ու մի քիչ հարում ենք։ Անընդհատ հարում ենք` ավելացնելով ժելատինը։
- Տորթը հավաքում ենք։
Ռուլետը մոտ 1 սմ հաստությամբ կտորներով կտրատում ենք։ Հարթ աղցանաման ենք վերցնում և ռուլետները շարում ենք ամանի մեջ (հատակին ու կողքերին ենք շարում)։
- Միջուկը զգուշորեն լցնում ենք։
- Վրան ենք դնում մնացած ռուլետներն ու թեթևակի կրեմի մեջ ենք սեղմում։ 4-5 ժամով տեղափոխում ենք սառնարանը` մինչև պնդանա։
- Այնուհետև 30-40 վայրկյանով տորթով ամանն ամբողջությամբ ընկղմում ենք տաք ջրով լի ամանի մեջ։ Տափակ ափսեով ծածկում ենք և տորթը շրջում ափսեի վրա։
- Բարի ախորժակ:
Այսպիսով, պատրաստեցինք նուրբ, փափուկ և շատ համեղ կաթնաշոռային տորթ բիսկվիթային ռուլետներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: