- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Տորթ «Մարս»
Բաղադրիչներ
- Նուգայի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարի փոշի - 450 գր
- ջուր - 145 մլ
- մեղր - 120 գր
- ինվերտային օշարակ - 6 գր
- կակաո - 50 գր
- շոկոլադ սև - 100 գր «Մարս»
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 250 գր
- կակաո - 60 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- աղ - մի պտղունց
- ձու - 2 հատ
- կեֆիր - 160 մլ
- սուրճ էսպրեսո - 160 մլ
- բուսայուղ - 100 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- Շոկոլադե չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 650 գր
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 20 գր
- հյութ կիտրոնի - 15 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ կաթնային - 150 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ կաթնային - 250 գր
- կարագ - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- Աղի կարամելի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- շաքարավազ - 160 գր
- կարագ - 140 գր
- աղ - մի պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նուգան ըստ բաղադրատոմսի, սակայն պիստակի փոխարեն մեջը շոկոլադ և կակաո ենք լցնում: Սկուտեղի վրա, որի մեջ պետք է հավաքվի տորթը, յուղաթուղթ ենք փռում, վրան ցանում օսլայի ու շաքարի փոշու խառնուրդ: Դեռ տաք նուգան լցնում ենք փոշեծածկ մակերևույթին, վրան նույնպես օսլայի ու շաքարի փոշու խառնուրդ ցանում: Մակերևույթը հարթեցնում ենք (շերտի հաստությունը պետք է լինի մոտավորապես 2 սմ, թեև ըստ ցանկության կարելի է ավելի հաստ կամ բարակ անել): 24 սմ տրամագիծ ունեցող օղակով նուգայից շրջանակ ենք կտրում, մնացորդներից գնդիկներ ձևավորում, որոնցով հետո զարդարելու ենք տորթը:
- Պատաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, սոդան ու աղը մաղում ենք, ավելացնում շաքարավազը: Ձուն կեֆիրի, էսպրեսոյի, բուսայուղի ու վանիլինի հետ թեթևակի հարում ենք, մինչև համասեռ դառնալը:
- Միջին արագությամբ հարելով՝ աստիճանաբար հեղուկ խառնուրդի մեջ ենք լցնում ալյուրի ու մյուս չոր բաղադրիչների խառնուրդը: Հարում ենք 2-3 րոպե, մինչև համասեռ, հարթ զանգված ստանանք:
- 24 սմ ձևամանը բուսայուղում ենք և մեջն ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 40-50 րոպե 180 աստիճանում: Այնուհետև հովացնում ենք ցանցի վրա և շրջում: Ձևամանը հանում ենք, հովանալուց հետո գագաթը կտրում և բիսկվիթը հավասարեցնում:
Կարևոր է. բիսկվիթը շատ բարձր է ստացվում՝ մոտ 5 սմ, որից մոտ 1 սմ կտրվում է հարթեցնելիս: Դրանից հետո կարելի է բիսկվիթն այդպես բարձր թողնել կամ էլ երկու շերտի բաժանել, մի շերտը սառեցնել ու պահել: - Պատրաստում ենք շոկոլադե չիզքեյքը: Շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ու հովացնում ենք:
Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում: Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Վերջում ավելացնում ենք շոկոլադը, խառնում մինչև համասեռ դառնալը:
- Չիզքեյքի պատրաստի խորը լցնում ենք 24 սմ բուսայուղած ձևամանի մեջ: Ձևամանը դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ, վերջինիս մեջ այնքան ջուր լցնում, որ 2-3 սմ շերտով շրջապատի չիզքեյքով փոքր ձևամանը: Թխում ենք 75-85 րոպե (պատրաստի չիզքեյքը կենտրոնում թեթևակի թրթռում է ձևամանը շարժելիս): Օգտագործման հարմարավետության համար չիզքեյքը կարելի է սառեցնել, բայց պարտադիր չէ:
Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա:
- Սերուցքը հասցնում ենք եռման, ավելացնում կարագը: Հենց որ կարագը հալչում է, սերուցքային զանգվածը լցնում եք շոկոլադի վրա և շրջանաձև շարժումներով խառնում: Ջնարակը 2-4 ժամով տեղափոխում ենք սառնարան: Այն պետք է պնդանա լինի խիտ կրեմի նման, որպեսզի հնարավոր լինի հանգիստ քսել տորթին:
- Պատրաստում ենք աղի կարամելը: Սերուցքը եռացնում ենք, շաքարավազը կաթսայի մեջ հալեցնում, ավելացնում ենք աղը: Խառնուրդը կրակի վրա պահում ենք այնքան, մինչև շաքարավազը կարամելանա, ու խառնուրդը ստանա կարամելին բնորոշ գույն:
Կարամելացված շաքարավազի մեջ խառնելով լցնում ենք եռացող սերուցքը: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը և ավելացնում կարագը: Կարամելը կարելի է օգտագործել անմիջապես կամ պահել սառնարանում: Օգտագործելուց առաջ պետք է տաքացնել, որպեսզի ջրիկանա:
Հավաքում ենք տորթը: Չիզքեյքը դնում ենք նուգայի շերտի վրա, բիսկվիթը դնում չիզքեյքի վրա: Նուգան, չիզքեյքն ու բիսկվիթը պետք է նույն տրամագիծն ունենան: Եթե այդպես չէ, դուրս մնացած եզրերը պետք է հավասարեցնել: Տորթը պատում ենք ջնարակով և տեղափոխում սառնարան: Մատուցելուց առաջ զարադարում ենք նուգայով ու շոկոլադի կտորներով:
- Պատրաստ է:
- Վայելում ենք:
Թերևս այսքանը… համեղ «Մարս» թխվածքը պատրաստ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq inch e invertayin osharaky u inchov kareli e poxanakel
Բարև Ձեզ, ահա ինվերտային օշարակի բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF/
Եթե չեք ցանկանում ինվերտային օշարակ պատրաստել, ապա կարող եք շաքարավազն ու ջուրը եռացնել և այդ զանգվածով թրջել բիսկվիթը 🙂