Ժամանակակից խոհարարության մեջ ընդունված է ասել. «Կարմիր գինին` մսի հետ, իսկ սպիտակ գինին` ձկան», սակայն այժմ շեֆ խոհարարներն էլ ավելի համարձակ լուծումներ են առաջարկում։ Այսօր կքննարկենք փորձված համադրություններ, որոնց օգնությամբ ուտեստներն անչափ համեղ են ստացվում.
Գինին ընտրելիս, առաջնորդվեք ուտեստի ազգային պատկանելությամբ. օրինակ, ֆրանսիական խոհանոցի ուտեստների հետ լավ կլինի ֆրանսիական գինիներ մատուցել, իսկ իտալական խոհանոցի ուտեստների հետ` իտալական։
Տարբեր ուտեստների հետ օգտագործվող ամենատարածված գինին կարմիրն է։ Վերջինս մատուցում են սառը վիճակում (կատարյալ ջերմաստիճանը 16-18-ն է)։ Այն տարբերվում է համով, տեսակներով և հասունացման աստիճանով և շատ լավ համադրվում է մսով տաք ուտեստների, թռչնամսի, յուղոտ և հագեցնող ապուրների, պանիրների, սպագետտիի, պիցցայի և լազանյայի հետ։
Մեքսիկական խոհանոցի կծու ուտեստների և հնդկական անուշաբույր ուտեստների հետ կարելի է մատուցել դառը կարմիր գինի, իսկ ձկան հետ երիտասարդ և թեթև գինիներ։
Սպիտակ գինին մատուցում են սառը վիճակում (7-10 աստիճան սառեցված), այն ավելի նուրբ և փխրուն համ ունի։ Վերջինս կարելի է համադրել հավի ճուտի և գառան մսի, ոչ յուղոտ երշիկների, թթվասերով/մայոնեզով աղցանների, կարագով կամ սերուցքային սոուսներով պատրաստված ուտեստների, և իհարկե` ձկան և ծովամթերքի հետ 🙂
Վարդագույն գինին ունիվերսալ ըմպելիք է, քանի որ այն կարելի է շատ ուտեստների հետ համադրել։ Վերջինիս բույրը, կարմիր գինու պես ագրեսիվ չէ, բայց ավելի հագեցած է, քան սպիտակ գինին։ Վարդագույն գինին կարելի է մատուցել խորտիկների, ապխտած մսի, փափուկ պանիրների, բանջարեղենային կամ սնկային աղցանների հետ։ Այն շատ համեղ է ստացվում սխտորով սոուսի մեջ պատրաստված ծովախեցգետինների հետ։
Աղանդերների հետ, ընդունված է մատուցել քաղցր գինի, քանի որ վերջինիս համն ավելի ծանր և թունդ է։ Այն մատուցում են 12-16 աստիճանում և լավ համադրվում է տորթերի, պաղպաղակների, ժելեների, կրեմների, ինչպես նաև կծու պանիրների (օրինակ՝ ռոքֆորի) հետ։ Պետք է հիշել, որ աղանդերի հետ մատուցվող գինին աղանդերից քաղցր պետք է լինի։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: