- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60 minutes
Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գր
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 50 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- թթվասեր - 1ճ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- Միջուկի համար՝
- խնձոր - 1,5 կգ
- շաքարավազ - 100 գր
- չորահաց - 2-3 ճ/գդ
- դարչին - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրը, շաքարի փոշին ու փխրեցուցիչը լցնում ենք խոհարարական կոմբայնի մեջ, ավելացնում կտրատած փափուկ կարագը: Կոմբայնում մանրացնում ենք, թեև ձեռքով նույնպես կարելի է անել՝ կարագը քերելով կամ կտրատելով ու խառնելով չոր բաղադրիչներին: Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը և նորից խառնում:
Խմորը ձեռքով գնդում ենք: Չենք հունցում, տրորում ենք այնքան, որ հնարավոր լինի գնդել: Խմորը երկու անհավասար՝ մեծ ու փոքր մասերի ենք բաժանում: Մեծ մասը դնում ենք 25 x 25 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ, հավասարեցնում և պատառաքաղով ծակծկում: Ձևամանը և մնացած խմորն առնվազն 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Խնձորները կեղևազրկում ենք, կիսում և միջուկները հանում: Ամեն մի կեսը 2-3 մմ բարակ շերտերով կտրատում ենք, ավելացնում շաքարավազը և խնամքով խառնում: Խմորով ձևամանը դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 10-15 րոպե:
- Վրան ցանում ենք չորահացի փշրանքները կամ փշրած չոր թխվածքաբլիթ: Դա անհրաժեշտ է, որպեսզի ներծծի խնձորի հյութն ու թույլ չտա, որ խմորը թացանա: Ցանում ենք նաև դարչնի կեսը, լցնում խնձորի շերտերը և լավ տեղաշարժում, որպեսզի արանքներ չմնան: Վերևից թեթևակի սեղմում ենք, մաղով ցանում մնացած դարչինը, ինչից հետո խմորի փոքր մասը խոշոր քերիչով քերում ենք վրան:
Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում և թխում 40-60 րոպե կամ մինչև խմորի ոսկեգույն դառնալը: Թխվելու ժամանակը կախված է նաև նրանից, թե ինչպիսի միջուկ ենք ուզում ունենալ. 60 րոպե թխելու դեպքում, օրինակ, միջուկը կրեմի նման փափուկ է լինում: Թխված պիրոգը լավ հովացնում ենք:
- Վերջում կարելի է վրան շաքարի փոշի ցանել:
Խնձորով պիրոգ պատրաստելու համար կարելի է վերցնել ցանկացած տեսակի խնձոր: Սակայն, եթե խնձորը քաղցր է, ուրեմն կարելի է միջուկի շաքարավազի բաժինը պակասեցնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: