- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Տավարի լեզու 3 տեսակի սոուսով
Բաղադրիչներ
- միս տավարի - 1 հատ (լեզու)
- Սերուցքով ու սնկով սոուսի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 գր
- սունկ շամպինիոն - 100 գր
- սոխ - 50 գր
- սխտոր - 1 պճեղ
- ալյուր - 1 թ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Խնձորով ու քարրիով սոուսի համար՝
- խնձոր - 2 հատ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 գր
- սոխ - 50 գր
- քարրի - 1-2 թ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Թթվասերով ու ձիթապտղով սոուսի համար՝
- թթվասեր - 150 գր
- վարունգ - 70 գր
- ձիթապտուղ սև - 30 գր
- սոխ կանաչ - 3 ճյուղ
- գինու քացախ - 1 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լեզվի վրա ջուր ենք լցնում, հասցնում եռման, մարմանդ կրակի վրա կափարիչով ծածկած եփում ենք 2-2.5 ժամ: Անջատելուց կես ժամ առաջ աղ ենք ավելացնում: Եփելու ժամանակը կախված է նաև լեզվի մեծությունից. եթե մեծ լեզու է, պետք է եփել նույնիսկ 3.5 ժամ՝ մինչև լրիվ փափկելը:
Եփած լեզուն անմիջապես գցում ենք սառը ջրի մեջ և մի քիչ հովացնում: Հետո լեզվի թաղանթը հանում ենք, կտրատում, լցնում մեծ սկուտեղի մեջ, որով էլ մատուցելու ենք:
- Պատրաստում ենք սերուցքով ու սնկով սոուսը: Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում մանր կտրատած սոխը և տապակում մինչև թափանցիկ դառնալը:
- Լցնում ենք մանր կտրատած շամպինիոնները, տապակում այնքան, մինչև արտազատված ողջ հեղուկը գոլորշիանա: Հետո ավելացնում ենք ճզմած սխտորը, առատ աղ ու պղպեղ ցանում:
- Վրան ալյուր ենք ցանում, լցնում սերուցքը, մարմանդ կրակի վրա տաքացնում մինչև թեթևակի խտանալը (չենք եռացնում, որպեսզի սերուցքը չմակարդվի): Առաջին սոուսը պատրաստ է:
- Պատրաստում ենք խնձորով ու քարրիով սոուսը: Փոքր կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, լցնում մանր կտրատած սոխը, տապակում մինչև թափանցիկ դառնալը:
- Ավելացնում ենք կեղևազրկած ու կտրատած խնձորները և ծածկած կափարիչով շոգեխաշում մարմանդ կրակի վրա մինչև փափկելը (հենց սկզբում կաթսայի մեջ մի քանի գդալ ջուր պետք է լցնել):
- Ընկղմվող բլենդերով լավ տրորում ենք, ավելացնում քարրին և աղ ու պղպեղ ցանում: Լցնում ենք սերուցքը և մարմանդ կրակի վրա մի քանի րոպե տաքացնում: Երկրորդ սոուսը նույնպես պատրաստ է:
- Պատրաստում ենք թթվասերով ու ձիթապտղով սոուսը: Թթվասերը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շատ մանր կտրատած մարինացված վարունգը, ձիթապտուղը և կանաչ սոխը: Այնուհետև ավելացնում ենք քացախը, աղ ու պղպեղ ցանում և խառնում:
- Երրորդ սոուսը նույնպես պատրաստ է:
- Ահա և մեր երեք սոուսները: Մատուցելուց առաջ լեզուն միկրոալիքային վառարանում տաքացնում ենք, լեզուների կողքին մի-մի գդալ սոուս ենք լցնում ու համտեսում:
Ի դեպ, տավարի լեզու պատրաստելու համար պարտադիր չէ բոլոր երեք սոուսներից ունենալ, կարելի է սահմանափակվել երկուսով կամ նույնիսկ մեկով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: