Տորթ-մուսս Սրտիկ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 35 գր
- ալյուր - 35 գր
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- փխրեցուցիչ - ¼ թ/գ
- ինվերտային օշարակ (սիրոպ) - 3-4 ճ/գ
- Ելակի շերտի համար`
- խյուս ելակի - 125 գր
- շաքարավազ - 40 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 6 գր
- ժելատին - 5 գր
- ջուր - 30 գր
- Մուսսի համար`
- յոգուրտ դասական - 250 գր
- սերուցք (33% յուղ.) - 200 մլ
- շաքարի փոշի - 150 գր
- ժելատին - 10 գր
- ջուր - 60 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- Գլազուրի համար`
- շաքարավազ - 75 գր
- ինվերտային օշարակ - 75 գր
- ջուր - 40 գր
- շոկոլադ սպիտակ - 75 գր
- խտացրած կաթ - 50 գր
- ժելատին - 6 գր
- ջուր - 36 գր
- սննդի գունանյութ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք:
Ալյուրը ցանկալի է անցկացնել մաղով, ապա ավելացնում ենք ձուն և լավ խառնում ենք:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ ու 10-20 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը սրտաձև կտրում ու պատում ենք օշարակով:
- Պատրաստում ենք ելակի շերտը, որի համար ժելատինը թրջում ենք, ապա թողնում, որ ուռչի: Ելակի խյուսը, շաքարավազը, օսլան խառնում ու դնում ենք մեղմ կրակի վրա: Եփում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի, կարելի է նույնսիկ հասցնել եռման աստիճանի, եթե զանգվածը շատ հեղուկ է:
- Այնուհետև հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի, ավելացնում ենք ժելատինն ու խառնում ենք այնքան, մինչև լուծվի: Ստացված զանգվածը լցնում ենք սրտաձև ձևամանի մեջ ու թողնում ենք սառցախցիկում, որպեսզի սառչի:
- Այժմ պատրաստում ենք մուսսը, որի համար ժելատինը նախապես թրջում ենք ջրի մեջ, որպեսզի լավ ուռչի:
- 50 մլ սերուցքը լցնում ենք առանձին տարայի մեջ, իսկ մնացած սերուցքը հարում ենք 75 գր շաքարի փոշու հետ: 250 գր յոգուրտը հարում ենք 75 գր շաքարի փոշու հետ, ավելացնում ենք կիտրոնի հյութն ու զգուշորեն խառնում ենք:
- Սերուցքի և յոգուրտի զանգվածները խառնում ենք, իսկ առանձին տարայի մեջ լցրած 50 մլ սերուցքը տաքացնում ենք, ավելացնում ենք ժելատինն ու խառնում ենք: Այնուհետև ստացված զանգվածն ավելացնում ենք մյուս զանգվածին:
- Ձևամանի մեջ լցնում ենք մի քիչ մուսս:
- Դնում ենք ելակի շերտը` կտրատված որևէ երկրաչափական պատկերի տեսքով:
- Վրան կրկին լցնում ենք մուսսի շերտ: Այնուհետև բիսկվիթի շերտն ենք դնում այնպես, որ մի փոքր ընկղմվի մուսսի մեջ: Մեկ գիշեր պահում ենք սառցախցիկում:
- Իսկ հիմա հերթը գլազուրինն է: Այն նախընտրելի է պատրաստել նախօրոք, այսինքն` տորթը պատելուց մեկ օր առաջ և պահել սառնարանում:
- Ժելատինը թրջում ենք, իսկ առանձին կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, ինվերտային օշարակն ու ջուրը և դնում ենք կրակի վրա մինչև շաքարավազը լուծվի:
- Այնուհետև կրակի վրայից հանում ենք, ավելացնում ենք շոկոլադն ու խառնում ենք, որպեսզի լուծվի:
- Այժմ ավելացնում ենք ժելատինը, խառնում ենք ու լցնում խտացրած կաթը: Իսկ վերջում լցնում ենք գունանյութը:
- Հարթ ու միասեռ զանգված ստանալու համար զանգվածը հարում ենք բլենդերով` խուսափելով փրփրային զանգված ստանալուց: Իսկ եթե, այնուամենայնիվ, խուսափել հնարավոր չէ, ապա հարելուց հետո գլազուրը քամիչով անցկացնում ենք, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Տորթը գլազուրով պատելուց առաջ անհրաժեշտ է գլազուրը մի փոքր տաքացնել (40-50 աստիճան): Տորթը գլազուրապատում ենք անմիջապես սառցախցիկից հանելուց հետո:
Սիրո տոնի նախօրեին պատրաստեք այս համեղ տորթն ու զարմացրեք ձեր սիրելիին: Ի դեպ, Սուրբ Սարգսի տոնի համար բազմաթիվ բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր կայքում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shnorhakalutyun ,hetakrkir e glazur@ sar@ vichakum ek lcnum te tak