Cooks.am-ը սկսում է «Հայտնիների համեղ կյանքը» խորագրով հարցազրույցների շարք, որով փորձելու է բացահայտել հայտնի մարդկանց կյանքի համեղ կողմը։ Շարքի շրջանակներում զրուցում ենք սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Արդյոք կարողանո՞ւմ է համատեղել աշխատանքն ու խոհանոցը, նախընտրում է առողջ, թե՞ համեղ սնունդ, ի՞նչ «համեղ վայրերում» է սիրում լինել, ի՞նչպես դիմավորել Նոր տարին ու չհոգնել և շատ այլ հարցերի հետաքրքիր պատասխանները կգտնեք մեր համեղ ու տոնական զրույցում։
– Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ «Կինը պետք է լինի խոհանոցում»։
– Կարծում եմ` դա կյանքի օրինաչափությունն է։ Այո, կինը պետք է լինի խոհանոցում և կարողանա առողջ ու համեղ սնունդ պատրաստել, ինչը շատ կարևոր է ընտանիքի համար։ Սակայն կնոջ դերն ու նշանակությունը միայն խոհանոցում չի ավարտվում:
– Ինչպե՞ս եք կարողանում համատեղել դերասանուհի և տնային տնտեսուհի «պաշտոնները»։
– Այս առումով բախտս բերել է․ մայրս մշտապես իմ կողքին է։ Մենք կարողանում ենք մեկս մյուսին փոխարինելով՝ մշտապես ունենալ տաք ու թարմ կերակուր։ Այն, որ մայրս ինձ օգնում է, չի նշանակում, որ ես չեմ լինում խոհանոցում և չեմ պատրաստում։ Ավելին՝ նախապես երեկոյան պատրաստում եմ, որպեսզի առավոտյան անցնեմ իմ մյուս գործերին։ Համատեղումը լինում է ինքնաբերաբար․ ես վաղուց արդեն չեմ մտածում, թե դա ինչպես է տեղի ունենում։
– Հետևո՞ւմ եք առողջ ապրելակերպին, թե՞ նախապատվությունը տալիս եք համեղ սննդին։
– Ես սննդակարգի օրենքներին ու գծված չափորոշիչներին ամենայն խստությամբ չեմ հետևում, բայց այնպես է ստացվել, որ իմ քիմքին հաճելի են այն մթերքները, որոնք նաև օգտակար են առողջությանը։ Հետևաբար կարողանում եմ և՛ համեղ, և՛ առողջ սվել։
– Ո՞րն է Ձեր «ֆիրմային» ուտեստը, որը սիրելի է ընտանիքի բոլոր անդամների համար։
– Իմ ֆիրմային ուտեստները մի քանիսն են՝ դդմով ապուր, ձուկը ջեռոցում իմ հորինած բաղադրատոմսով, հատուկ աղցան։
– Ո՞ր երկրի խոհանոցն եք նախընտրում և ինչո՞ւ։
– Ինձ դուր են գալիս և՛ իտալական, և՛ ֆրանսիական, և՛ չինական, և՛ արաբական խոհանոցները, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ համային առանձնահատկությունը։ Շատ եմ սիրում նաև հայկական խոհանոցը, որից կառանձնացնեմ երկարամյա պատմություն ունեցող Ղափաման և Հարիսան, որոնք ինձ համար անչափ համեղ ուտեստներ են։
– Սիրո՞ւմ եք նոր ուտեստներ փորձարկել, թե՞ համտեսում եք այն, ինչ արդեն իսկ Ձեզ ծանոթ է։
– Խոհանոցն ինձ համար սիրելի վայր է, որտեղ կարող ես անվերջ ստեղծել ու արարել։ Իսկ երբ ինչ-որ բան սիրում ես, հետևաբար արդյունքը հաջողված է լինում։ Սիրում եմ անընդհատ որևէ նոր բան մտածել, փորձարկումներ անել։
Իմ աշխատանքային գործունեության ընթացքում վարել եմ նաև խոհանոցային հաղորդում, որից շատ բան եմ սովորել։ Արդեն ենթադրում եմ՝ այս կամ այն համեմունքը կամ բաղադրիչն իրար հետ կարելի՞ է համատեղել, թե՞ ոչ։
– Համոզված ենք, որ նախընտրում եք սնվել տանը, սակայն Երևանի ո՞ր «համեղ վայրերում» եք սիրում լինել։
– Ե՛վ Երևանում, և՛ քաղաքից դուրս գտնվող հանգստյան գոտիներում համեղ խոհանոց առաջարկող բազմաթիվ ռեստորաններ կան, որտեղ կարելի է համատեղել առողջ ու համեղ սնունդը, համտեսել յուրահատուկ համային լուծումներով ուտեստներ, որոնք կարող են բավարարել պահանջկոտ այցելուների և գուրմանների նախասիրությունները։ Ինձ համար նույնպես կան նախընտրելի վայրեր, որոնք չեմ փորձի առանձնացնել։
– Հայ ժողովուրդն Ամանորը սիրում է մեծ շուքով նշել, քանի որ բոլորը համոզված են, որ տարին «ինչպես դիմավորեն, այդպես էլ կշարունակվի»։ Հավատո՞ւմ եք այս մտքին։
– Խոսքն այս դեպքում ոչ միայն սեղանների, այլև ուրախ տրամադրության, բարեսրտության ու կամեցողության, հանդուրժողականության ու հարգանքի առատության մասին է։ Իհարկե, սեղանն այդ տոնի առավել երևացող հատվածն է, բայց շատ ավելի հարուստ ու առողջ կանցնի մեր կյանքը, եթե առատորեն բաշխենք նաև սեր։
– Կա՞ն այնպիսի ուտեստներ, որոնք պարտադիր լինում են Ձեր տոնական սեղանին։
– Կան ուտեստներ, որոնք ես ինքս չեմ սիրում այդ իսկ պատճառով շատերի համար համեղ համարվող ուտեստներն ինձ համար այնքան էլ համեղ չեն։ Օրինակ՝ խոզի բուդը շատերի համար համեղ ուտելիք է, մինչդեռ ես խուսափում եմ դրանից։ Սակայն դա չի նշանակում, որ մեր տոնական սեղանին այն բացակայում է․ ամուսինս շատ է սիրում, ուստի ես փորձում եմ անել այնպես, որ բոլորին հաճելի լինի։ Տոնական սեղանի իմ ամենասիրելի ուտեստներից են տոլման, նրբաբլիթները, պասուց տոլման և այլն։
– Ինչպես դիմավորել Նոր տարին ու չհոգնել։ Ձեր խորհուրդը հայ կանանց։
– Շատերն են տարեսկզբին որոշում, որ հաջորդ տարի ոչինչ չեն անելու, բայց գալիս է Նոր Տարին, և սկսվում է քաոսային վազքը։ Թող սեղանին լինի մեկ աղցան, մեկ տաք ուտեստ, բայց փոխարենը լինի հաճույքով պատրաստված համեղ ու ամենակարևորը թարմ սնունդ։
Հետևեք սիրելի դերասանուհու խորհրդին և 2020 թվականը դիմավորեք ոչ թե ուժասպառ եղած, այլ սիրով ու դրական զգացողություններով։
Իսկ մենք խոստանում ենք նոր ու հետաքրքիր բացահայտումներ։ ?