Բալով շատ արագ պիրոգ (վիդեոբաղադրատոմս)

Երբ անսպասելի պարզվում է, որ երեկոյան թեյախմությանը հյուրեր են սպասվում, ճիշտ ժամանակն է ուղիղ 30 րոպեում թխել այս հիանալի բարով պիրոգը, և մատուցել այն բուրումնավետ թեյի հետ:

Պիրոգը կարելի է պատրաստել ինչպես թարմ բալից, այնպես էլ սառեցված: Թարմ բալը պետք է կորիզահանել: Իսկ սառեցված բալը սովորաբար վաճառվում է արդեն իսկ առանց կորիզների:

Ի դեպ, եթե օգտագործում ենք սառեցված տարբերակը, ապա անպայման այն նախ պետք է հալեցնել, քանի որ հակառակ դեպքում խմորը չի հասցնի հավասարապես թխվել, իսկ բալը կիջնի տապակի հատակը:

Բաղադրիչներ՝

  • բալ՝ 300-500 գր
  • Ձու՝ 6 հատ
  • Շաքարավազ՝ 1.5 բաժակ
  • Կարագ՝ 50-80 գրամ
  • Մածուն՝ 1.5 բաժակ
  • Սոդա՝ 1.5 թ.գ.
  • Վանիլ՝ մի պտղունց
  • Ալյուր՝ 2-3 բաժակ (պետք է ստանալ ջրիկ թթվասեր հիշեցնող զանգված)
  • Ձիթայուղ՝ տապակը յուղապատելու համար

Այսպիսով, սկզբից հարում ենք ձվերը և շաքարավազը: Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագը, մածունը, վանիլը, սոդան: Վերջում ավելացնում ենք ալյուրը, ձգտելով, որ խմորը լինի թթվասերի պես ծորուն: Այս փուլում զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ (եթե յուղաթղթի որակի վրա վստահ չենք, այն լրացուցիչ պատում ենք ձիթայուղով), և դասավորում ենք բալերը:

Բալերն անհրաժեշտ է հավասարաչափ բաշխել, իսկ դրա լավագույն տարբերակն է՝ նոսրից խտացները:

Բալերը շարելուն պես տապակը տեղափոխում ենք 180-200C տաքացված ջեռոց, մինչև թխվելը:

Խմորեղենն իսկապես շատ համեղ է ստացվում, և հիացնում է քաղցր խմորի և թթվաշ բալի իդեալական համադրությամբ: Դե, իսկ մատուցման ձևերը շատ են:

Կարելի է վրան շաքարի փոշի ցանել, կամ մատուցել մրգային սոուսով, կամ… ձեր՝ հենց նոր մտածած եղանակով 🙂

Խմորեղենը շատ համեղ է նաև հաջորդ օրը: Այլ հարց է՝ կմնա՞արդյոք:

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Շատ համեղ բաղադրատոմս էր, շնորհակալություն։ Եվ մի խնդրանք , կարծում եմ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ, որ խոհարարուհու մազերը թափված չլինեն։

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *