Սալօջախ ընտրելիս առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե ինչով պետք է աշխատի այն` գազո՞վ, թե էլեկտրական հոսանքով: Ըստ այդմ գոյություն ունեն սալօջախի հետևյալ տեսակները՝
- գազօջախ.
- էլեկտրական սալօջախ.
- համակցված սալօջախ (գազով և էլեկտրականությամբ):
Գազօջախների մասին խոսելիս արժե նշել, որ այդպիսի սալօջախները հեշտությամբ են շահագործվում: Կարծիք կա նաև, որ կրակի վրա պատրաստված կերակուրն ավելի համեղ է լինում: Այսօր արտադրողներն առաջարկում են գազօջախներ, որոնք ունեն գազով կամ էլեկտրականությամբ աշխատող ջեռոց:
Եթե Դուք հազվադեպ եք օգտագործում ջեռոցն ու չեք սիրում բարդ խոհարարություն, Ձեզ հարմար կլինի սովորական, գազով աշխատող ջեռոցով գազօջախը: Իսկ եթե հաճախակի եք եփում ու մեծ խանդավառությամբ, հատկապես՝ մսային ու ձկնային կերակրատեսակներ, ուրեմն ավելի լավ է ընտրեք համակցված սալօջախ՝ գազով աշխատող աչքերով ու էլեկտրական ջեռոցով: Այդպիսի ջեռոցն ավելի շատ պարամետրեր ու տաքացման տարբերակներ ունի: Դա կարևոր է հատկապես մսային կերակրատեսակների պատրաստման համար, քանի որ կոնվեկցիան թույլ է տալիս ավելի արագ ու լավ եփել-թխել, իսկ գրիլի շնորհիվ ձևավորվում է վարդագույն կեղևը: Դրանից բացի, անփոխարինելի օգնական է ջերմաշոշափուկը, որի օգնությամբ կարելի է եփելու ընթացքում ստուգել մսի ջերմաստիճանն ու անհրաժեշտ աստիճանի հասնելուն պես տալ ջեռոցն անջատելու հրահանգ:
Արժե ուշադրություն դարձնել նաև գազօջախների գրիլի ֆունկցիային: Գազով աշխատող գրիլ ունեցող գազօջախները զգալի էլեկտրաէներգիա են խնայում, սակայն ավտոմատացման բացակայությունը պահանջում է գրիլի պատրաստման ընթացքի մշտական վերահսկում: Հաճախ գազով աշխատող ջեռոցներում տեղադրված է լինում էլեկտրական գրիլ, որն ավելի հեշտությամբ կարելի է աշխատեցնել ու ստանալ կանխատեսելի արդյունք:
Էլեկտրական սալօջախ գնելու որոշում կայացնելիս պետք է կողմնորոշվել ֆունկցիոնալության հարցում: Հարկավոր է պատասխանել հետևյալ հարցին. սալօջախի ո՞ր հատվածն եք ավելի շատ օգտագործում: Եթե ավելի շատ օգտագործում եք աչքերը, կարևոր է դրանց տեսակը: Գոյություն ունեն սալօջախների աշխատանքային մակերևույթի դասական (արծնապատ մակերևույթ և չուգունե կլոր աչքեր) և ապակեկերամիկական տարբերակներ:
Դասականը շատ ավելի էժան է և հեշտությամբ է շահագործվում, սակայն կերակուր տաքացնելու կամ պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում, քանի որ աչքերը դանդաղ են տաքանում: Շատ ավելի հարմար կլինի, եթե այդպիսի սալօջախն ունենա արագ տաքացող գոնե մեկ աչք:
Ապակեկերամիկան զգալիորեն ավելի ջերմաթափանց է, մակերևույթը տաքանում է մի քանի վայրկյանում: Տաքացնելու ու եփելու արագությունը համազոր է գազօջախի արագությանը, միևնույն ժամանակ ապակեկերամիկական սալօջախն ավելի անվտանգ է: Բացի նշված առավելություններից, ապակեկերամիկական սալօջախը նաև շատ գեղեցիկ խոհանոցային սարք է:
Կարևոր է նաև ուշադրություն դարձնել այնպիսի պարամետրին, ինչպիսին է ապակեկերամիկական աշխատանքային մակերևույթի տաքացումը: Տաքացման ամենատարածված տեսակներն են ժապավենայինը (Hi Light) և ինդուկցիոնը (Induction):
HiLight տաքացումն իրականացվում է տաքացնող ժապավենային տարրերի շիկացման հաշվին, իսկ ինդուկցիան աշխատում է էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ: Ընդ որում, այս դեպքում ջերմությունն անմիջապես հաղորդվում է սալիկի վրա դրված ամանեղենին, իսկ սալիկը մնում է թեթևակի գոլ: Դա թույլ է տալիս կերակուր պատրաստել շատ ավելի արագ: Իհարկե, ինդուկցիոն սալօջախի գինը մի քանի անգամ բարձր է սովորական սալօջախների գնից:
Ժամանակակից արտադրողներն առաջարկում են նաև եփելու մակերևույթներ, որոնք առանձին աչքերի բաժանված չեն: Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել կաթսաների ու թավաների չափսերին: Եթե սովոր եք կերակուր պատրաստել փոքր կաթսայում, վստահաբար արժե գնել ապակեկերամիկական այնպիսի սալօջախ, որի տաքացող մակերևույթը գոտիների չի բաժանված: Ավելի մեծ կաթսաների դեպքում լավ կլինի ընտրել այնպիսի մոդելներ, որոնցում առանձնացված են տաքացման ձվաձև գոտիներ: Այս մոդելի շնորհիվ հնարավոր կլինի հավասարաչափ տաքացնել սագամանները, ձվաձև տարբեր տարաներն ու ձկան կաղապարները:
Եթե դուք շատ եք սիրում թխել ու անընդհատ խոհարարական փորձեր եք կատարում ջեռոցում, պետք է ուշադրություն դարձնեք ջեռոցի տեսակին: Շուկայում ներկայացված էլեկտրական սալօջախների ջեռոցները լինում են պարզ ու բազմաֆունկցիոնալ: Պարզ մոդելներն ունեն ներքին լուսավորություն, ստորին ու վերին տաքացնող տարրեր: Դրանք ավելի էժան են, բայց ունեն ավելի քիչ հնարավորություններ: Բազմաֆունկցիոնալ ջեռոցները թույլ են տալիս լիովին դրսևորել խոհարարական տաղանդը: Այսպիսի ջեռոցների հիմնական ֆունկցիաներից մեկը կոնվեկցիան է, երբ օդապտուտակիչի միջոցով տաք օդը հավասարաչափ բաշխվում է ջեռոցի ողջ մակերևույթում: Այս ֆունկցիան շատ օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են թխվածքներ պատրաստել:
Բազմաֆունկցիոնալ ջեռոցների ֆունկցիաներից են նաև սառեցրած մթերքը հետ բերելը, պիցցա պատրաստելը, գրիլի մի քանի ռեժիմները: Մսեղեն, հատկապես թռչնամիս եփելու սիրահարների համար անփոխարինելի է ջերմաշոշափուկի ու շամփուրի առկայությունը:
Էլեկտրական սալօջախ ընտրելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ջեռոցը մաքրելու եղանակին: Եթե դուք այն մաքրում եք ինքնուրույն և ժամանակ առ ժամանակ, բավական է հասարակ շոգեմաքրումը: Իսկ եթե ջեռոցը հաճախակի մաքրելու սովորություն ունեք, Ձեզ օգնության կգա կատալիտիկ մաքրումը: Այս դեպքում ջեռոցի պատերն ունեն հատուկ արծնածածկ, որը կլանում է եփելու ընթացքում ցայտած ճարպերն ու քայքայում է դրանք: Աշխատանքն ավարտելուց հետո պետք է ջեռոցի պատերն ընդամենը սրբել խոնավ կտորով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ կարեւոր հոդված էր, իսկը ինձ համար, քանի որ այս քանի օրը էլեկտրական սալօջախ եմ առնելու: Շնորհակալություն
Սիրելի Նելլի, շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել։ ։)