Անուշաբույր և համեղ խոտաբույսերը շեֆ խոհարարների հիմնական օգնականներն են, որոնց օգնությամբ վերջիններս կարողանում են յուրաքանչյուր գուրմանի գոհացնել։ Այսպիսի արտահայտություն կա. «Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և խոտաբույսերի օգտագործումից, իսկ ճիշտ համադրված խոտաբույսերը խոհարարներին հանճարեղ են դարձնում»։ Այս անգամ կներկայացնենք աշխարհի բոլոր խոհանոցներում օգտագործվող 6 խոտաբույսերը։
Ռեհան
Ռեհանը նուրբ և քաղցր բույրով բույս է և հունարեն նշանակում է «թագավոր»։ Շատ խոհարարներ ռեհանը իրավամբ թագավորական բույս են համարում և հիմնականում օգտագործում բուրմունքի համար։ Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։
- Այն օգնում է կարգավորել ճնշումը ,
- Նպաստում է արյան մեջ թթվածնային շրջանառությունը,
- Հարուստ է հակաօքսիդանտներով։
Ռեհանով պատրաստում ենք պեստո, ռեհանով թեյ, լոլիկով ապուրներ, մրգային աղցաններ և պիցցաներ։
Մաղադանոս
Մաղադանոսը հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։ Գանգուր մաղադանոսը դառն է և քիչ բուրավետ, հարմար է աղցանների և ապուրների համար։ Իտալական մաղադանոսը (տափակատերև) շատ բուրավետ է և եփվելու ընթացքում պահպանում է իր բուրավետ հատկությունները։ Ինչպես նաև՝
- մաղադանոսը թարմացնում է շնչառությունը և օգնում է պայքարել սոխի և սխտորի հոտի դեմ,
- բարձրացնում է դիմադրողականությունը,
- A և C վիտամինների լավ աղբյուր է։
Մաղադանոսով կարող եք կարտոֆիլ, մսային և բանջարեղենային ապուրներ ու ուտեստներ և գրիլ պատրաստել։
Ուրց
Ուրցը թունդ համ ունի, որը պատրաստման ընթացքում աստիճանաբար բացվում է, ինչի պատճառով էլ այն հենց սկզբից էլ կարող եք ավելացնել բոլոր ուտեստների մեջ։ Ուրցը լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։ Այն օգտագործվում է յուրաքանչյուր խոհանոցում ինչպես չոր, այնպես էլ թարմ վիճակում։ Իդեալական է մսի և ձկան մարինացման համար։
Գոյություն ունեն ուրցի ավելի քան 60 տեսակներ, բայց իտալական, ֆրանսիական, հնդկական, իսպանական և հունական խոհանոցներում առավել տարածված են դրանցից 3-ը։ Մի քանի հետաքրքիր փաստ որցի մասին՝
- այգու ուրցն ամենատարածվածն է և հիշեցնում է կիտրոնային ուրցը,
- կիտրոնային ուրցը նման է այգու ուրցին և շատ լավ է համադրվում ձկան հետ,
- նարնջային ուրցը հիանալի համադրվում է մսի, տապակած բանջարեղենի և անգամ թեյերի հետ,
- ուրցը հականեխիչ է, իսկ թեյի մեջ կամ ջրում թրմած ուրցն օգնում է բուժել կոկորդը,
- հաճելի համադրվում է հավի, ձկան և կարտոֆիլի հետ։
Ծիտրոն
Ծիտրոնն ասեղանման տերևներով բուրավետ բույս է։ Այն դառը, մի քիչ կիտրոնային կամ սոճու համ ունի, օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում։ Ծիտրոնով հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։ Ծիտրոնի տերևներն ուտեստների մեջ գցելուց կամ մնացած համեմունքների հետ խառնելուց առաջ պետք է լավ մանրացնել։
Ծիտրոնն ունի մի շարք օգտակար հատկություններ՝
- թարմ սոճու բույրի շնորհիվ բարձրացնում է տրամադրությունը,
- բնական միջոց է գլխացավի դեմ,
- հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հատկություն ունի, որն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և բարձրացնել դիմադրողականությունը:
Եղեսպակ
Լատիներենից թարգմանաբար նշանակում է «փրկել» (բուժիչ հատկությունների շնորհիվ լիովին արդարացնում է իր անվանումը)։ Օգտագործվում է միայն եղեսպակի տերևները, որոնք յուրահատուկ դառնատիպ համ ունեն։ Թարմ տերևների բույրը շատ ուժեղ է, այդ իսկ պատճառով այն կերակուրներին քիչ քանակությամբ պետք է ավելացնել, որպեսզի մյուս բաղադրիչների համը չկորչի։ Եղեսպակը հիմնականում օգտագործում են իտալական խոհանոցում՝ թռչնամիսը, ճագարի միսն ու այլ մսատեսակները համեմելու համար։ Հատկապես շատ են եղեսպակով համեմված հորթի մսի բաղադրատոմսերը։ Ինչպես նաև՝
- եղեսպակը նպաստում է մարսողությանը,
- խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների բուժման մեջ:
Անանուխ
Անանուխն ամբողջ աշխարհում տարածված և հաճախ օգտագործվող մթերքներից է։ Թարմ, բուրավետ և հյութեղ տերևները երկար են պահպանվում։
Խոտաբույսերի մեջ ամենաճկուն բույր ունեցողն անանուխն է, որի տերևներն օգտագործվում են բոլոր տեսակի ուտեստների, նախուտեստների, հիմնական ուտեստների, աղանդերների և ըմպելիքների մեջ։ Այն կարող եք ավելացնել ապուրների, աղցանների, լիմոնադների, կոկտեյլների, կոնֆետի, շոկոլադի և թեյի մեջ։ Բացի այդ անանուխն օտագործվում է նաև ձևավորման համար։ Անանուխն ունի նաև բուժական հատկություններ՝
- այն հանգստացնող հատկություն ունի, օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու համար,
- անանուխով թեյն օրգանիզմից հեռացնում է տոքսինները,
- անանուխի տերևները ծամելու դեպքում ատամներն առավել սպիտակ են դառնում, իսկ շնչառությունը՝ թարմ:
Սամիթ
Սամիթն ամենահայտնի համեմունքներից մեկն է, որը քաղցր, հաճելի համ և առանձնահատուկ նուրբ բույր ունի։ Խոհարարության մեջ օգտագործվում է թարմ և չորացրած սամիթն, ինչպես նաև՝ նրա սերմերը։ Սամիթը թարմ վիճակում ավելացվում է աղցանների, ապուրների, մսով երկրորդ ուտեստների, ձկան, բանջարեղենի և սոուսների մեջ։ Այն լայն օգտագործվում է նաև պահածոյացման մեջ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: