Cooks.am-ը շարունակում է բացահայտել մեր շատ սիրելի հայտնի մարդկանց կյանքի համեղ կողմը։ «Հայտնիների համեղ կյանքը» հարցազրույցների շարքի շրջանակներում այս անգամ զրուցում ենք երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Արդյոք կարողանո՞ւմ է համատեղել աշխատանքն ու խոհանոցը, ի՞նչ «համեղ վայրերում» է սիրում լինել, ի՞նչպես դիմավորել Նոր տարին ու չհոգնել և շատ այլ հարցերի հետաքրքիր պատասխանները կգտնեք մեր համեղ ու տոնական զրույցում։
– Համաձա՞յն եք կարծրատիպ դարձած այն մտքի հետ, որ «Կինը պետք է լինի խոհանոցում»։
– Կինը պետք է խոհանոցում իրեն զգա հենց այնպես, ինչպես խոհանոցում, և պարզապես կարողանա համեղ պատրաստել, բայց նրա առաքելությունը հաստատ դրանով չի սահմանափակվում։
– Ինչպե՞ս եք կարողանում համատեղել երգչուհի և տնային տնտեսուհի «պաշտոնները»։
– Այս առումով բախտս բերել է։ Ես հարս եմ եկել շատ մեծ ընտանիք, որտեղ ինձ նույնիսկ հերթ չէր հասնում խոհանոցում լինելու։ Այդ կարևոր պարտականությունն իր ուսերին վերցրել էր մեր մեծ տատիկը, ով շատ լավ պատրաստում էր և չեմ կարծում, որ ճիշտ կլիներ նրա ձեռքից «շերեփը վերցնելը»։ Եթե ընտանիքում կա մեկը, ով այդ գործը հմուտ է անում, ուրեմն երկրորդ անձի կարիքն արդեն չի լինում։ Միգուցե ուշ-ուշ եմ պատրաստում, բայց մշտապես արժանանում եմ գովասանքի։ (ժպտում է)
– Հետևո՞ւմ եք առողջ ապրելակերպին, թե՞ նախապատվությունը տալիս եք համեղ սննդին։
– Սիրում եմ համեղ սնվել։ Այնպես է ստացվել, որ իմ սննդակարգի մեջ ներառված են առողջ ու օգտակար մթերքներ՝ կանաչեղեն, մրգեր, բանջարեղեն։ Իսկ մսի շատ պահանջ չեմ զգում, բայց ուտում եմ, քանի որ անհրաժեշտ է։ Կարծում եմ, որ ավելի լավ է ուտել քիչ, բայց օգտակար, քան շատ, բայց անհասկանալի սնունդ։
– Ո՞րն է Ձեր «ֆիրմային» ուտեստը, որը սիրելի է ընտանիքի բոլոր անդամների համար։
Մեր ընտանիքում հավն ինձնից համեղ ոչ ոք չի կարողանում պատրաստել։ (ծիծաղում է)։ Սիրում եմ պատրաստել աղցաններ, իսկ ամենից շատ քաղցրավենիքի սեղան դնել, մրգերը կտրատել ու ձևավորել։
– Հյուրախաղերով լինում եք տարբեր երկրներում։ Ո՞ր երկրի խոհանոցն եք նախընտրում և ինչո՞ւ։
Խոհանոցներից որևէ մեկը չեմ փորձի առանձնացնել, քանի որ ամեն երկիր յուրահատուկ է իր հետաքրքիր ուտեստներով։ Սակայն սիրելի մթերքներից կարող եմ նշել ծովամթերքն ու էկզոտիկ մրգերը։
– Սիրո՞ւմ եք նոր ուտեստներ փորձարկել, թե՞ համտեսում եք այն, ինչ արդեն իսկ Ձեզ ծանոթ է։
– Նախկինում չէի սիրում նոր ուտեստներ փորձել և համտեսում էի այն, ինչ արդեն ինձ ծանոթ էր։ Բայց հիմա շատ եմ սիրում նորը փորձարկել և հետո կարծիք կազմել։
– Երևանի ո՞ր «համեղ վայրերում» եք սիրում լինել։
Երևանում ինձ համար սիրելի ու համեղ վայրերից են՝ Գուռու ռեստորանը, ինչպես նաև «Երեմյաններ» ցանցը՝ Լավաշ, Շերեփ ռեստորաններով։ Վերջերս եղա նաև Լիվինգսթոնում, որտեղ ամեն ինչ շատ համեղ էր և մեծ հաճույքով նորից կայցելեմ։
– Հայ ժողովուրդն Ամանորը սիրում է մեծ շուքով նշել, քանի որ բոլորը համոզված են, որ տարին «ինչպես դիմավորեն, այդպես էլ կշարունակվի»։ Հավատո՞ւմ եք այս մտքին։
– Առատությունը ուտեստների քանակի մեջ չէ։ Կարծում եմ, որ ամենակարևորը ոչ թե սեղանի շուրջ հոգնած նստելն է, այլ բարձր տրամադրությունը։ Մեկ աղցան ավել կամ պակաս լինելը տարվա վրա ոչ մի կերպ չի կարող ազդել։ Դա սնահավատություն է։
– Կա՞ն այնպիսի ուտեստներ, որոնք պարտադիր լինում են Ձեր տոնական սեղանին։
– Խոզի բուդը կամ հնդկահավը մեր ամանորյա սեղանի պարտադիր մասն են կազմում, ինչպես նաև մի քանի աղցաններ, որոնք արդեն ավանդույթ են դարձել։
– Ինչպե՞ս դիմավորել Նոր տարին և չհոգնել։ Ձեր խորհուրդը հայ կանանց։
– Պետք չէ շտապել և ուժասպառ լինել։ Շատ ավելի կարևոր է Նոր տարին սիրով ու հաճույքով դիմավորելը, հակառակ դեպքում հյուրեր ընդունելու ցանկություն էլ չի լինի։
Դե ինչ, մեր խմբագրությունը լիովին համաձայն է, որ հայ կանայք ավելի քիչ տանջվեն, և ավելի շատ փորձեն վայելել ամանորյա հեքիաթային օրերը։ Իսկ մոտ ապագայում խոստանում ենք բացահայտել սիրված երգչուհու ֆիրմային ուտեստներից մեկի գաղտնիքը ?