«Հայտնիների համեղ կյանքը» նախագծի շրջանակներում զրուցում ենք Մանո Գրիգորյանի հետ։ Ի՞նչ ուտեստներ է նախընտրում, որո՞նք են նրա ֆիրմային ուտեստները, ինչպե՞ս է դիմավորում Նոր տարին և այլն։ Հարցեր, որոնց անկեղծ պատասխանները կգտնեք մեր տոնական զրույցում։
– Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ «Կինը պետք է լինի խոհանոցում»։
– Համաձայն չեմ, քանի որ կնոջ դերը միայն խոհանոցում չէ, այլ ամենուր։
– Ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքն ու խոհանոցը։
– Շատ դժվարությամբ, որովհետև աշխատանքային զբաղվածությունս բավականին ծանր է և քանի որ ամուսիններով աշխատում ենք մեկ վայրում ու միշտ միասին ենք, տանը ընդամենը հասցնում ենք նախաճաշել։
– Հետևո՞ւմ եք առողջ ապրելակերպին, թե՞ նախապատվությունը տալիս եք համեղ սննդին։
– Փորձում եմ հետևել իմ սննդակարգին, բայց չեմ կարող ասել, թե դա առողջ ապրելակերպ է։ Քանի որ երկար տարիներ պարով եմ զբաղվել ու օրգանիզմիս դիսցիպլինան դեռ կա, փորձում եմ ժամը վեցից հետո չուտել։ Իսկ ընդհանրապես ուտում եմ ամեն ինչ, բայց փորձում եմ չափի զգացողությունը չկորցնել։
– Ո՞րն է Ձեր «ֆիրմային» ուտեստը, որը սիրելի է ընտանիքի բոլոր անդամների համար։
– Ես շատ ուշ-ուշ եմ պատրաստում (ծիծաղում է), բայց բոլորը սիրում են իմ պատրաստած էկլերը, որն այնքան էլ հեշտ պատրաստվող թխվածք չէ, բայց չգիտեմ, թե ինչպես, ինձ մոտ լավ է ստացվում և իհարկե, բորշը։
– Ո՞ր երկրի խոհանոցն եք նախընտրում և ինչո՞ւ։
– Ինձ հոգեհարազատ է արևելյան խոհանոցը։ Մի քանի տարի առաջ Բեյրութում էինք, և նրանց խոհանոցն ինձ ապշեցրեց իր յուրահատուկ համային լուծումներով, համեղությամբ ու բազմազանությամբ։
– Սիրո՞ւմ եք նոր ուտեստներ փորձարկել, թե՞ համտեսում եք այն, ինչ արդեն իսկ Ձեզ ծանոթ է։
– Տարիների ընթացքում իմ նախասիրությունները փոխվել են։ Թվում էր, թե փոփոխությունների սիրահար եմ, բայց հիմա նկատում եմ, որ ռեստորանում ես անընդհատ նույն ուտեստն եմ պատվիրում։ Սակայն եթե ինչ-որ մեկն ախորժալի ուտեստ է ուտում կամ խորհուրդ տալիս, անպայման փորձում եմ։
– Երևանի ո՞ր «համեղ վայրերում» եք սիրում լինել։
– Ջազվեն իմ ամենասիրելի վայրն է․ սիրում եմ այնտեղի «Կեսար» աղցանը։ Քաղաքի որ ծայրում էլ լինեմ, շաբաթական գոնե երկու անգամ այցելում եմ ու համտեսում։ Դա լինում է հատկապես ամռանը, երբ ծանր աշխատանքային օրվանից հետո ամուսնուս կամ կոլեգաներիս հետ այցելում եմ։
– Հայ ժողովուրդն Ամանորը սիրում է մեծ շուքով նշել, քանի որ բոլորը համոզված են, որ տարին «ինչպես դիմավորեն, այդպես էլ կշարունակվի»։ Հավատո՞ւմ եք այս մտքին։
– Ոչ միայն հավատում եմ, այլև ինձ մոտ միշտ այդպես է եղել։ Դա գալիս է նաև մեր տրամադրվածությունից․ մենք ինչ մտածում ենք, այն էլ մեզ հետ լինում է։ Իմ բախտը բերել է այն առումով, որ հիմնականում Նոր Տարին միշտ աշխատանքային է, ուրախ, հետաքրքիր ու նոր ձևով։ Վերջին 5 տարիներին այն բուռն աշխատանքային է եղել և լավ ցուցանիշներ եմ գրանցել, ուստի կարող եմ ասել, որ, այո, ինչպես դիմավորես, այնպես էլ շարունակվում է։
– Կա՞ն այնպիսի ուտեստներ, որոնք պարտադիր լինում են Ձեր տոնական սեղանին։
– Այո, բլինչիկն ու խոզի բուդը մեր ամանորյա սեղանի մշտական ուտեստներն են։
– Ինչպես դիմավորել Նոր տարին ու չհոգնել։ Ձեր խորհուրդը հայ կանանց։
– Ինձ թվում է այս ամենին պետք է վերաբերել թեթև, որպեսզի հյուրերին դիմավորելը հոգս չդառնա, ամեն ինչ անել սիրով ու ժպիտով և ոչ թե ստիպված։ Հոգնածությունը շատ հաճախ լինում է որևէ բան ստիպված անելուց։ Եթե մարդն ինչ-որ բան հաճույքով է անում, նա դրանից էներգիա է ստանում։ Եթե ոչինչ չես կարողանում փոխել, ուրեմն պետք է փոխես վերաբերմունքդ։
Դե ինչ, հետևեք այս խորհուրդներին, ազատեք ինքներդ ձեզ հոգսերից ու Նոր տարին դիմավորեք ուրախ տրամադրությամբ։ Իսկ մենք խոստանում ենք բացահայտել Մանո Գրիգորյանի համեղ Էկլերի պատրաստման գաղտնիքը։ 🙂