- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25-35 minutes
Pâte sucrée կամ քաղցր խմոր տարտի համար
Բաղադրիչներ
- կարագ - 250 գր (սենյակային ջերմաստիճանի)
- շաքարի փոշի - 125 գր
- ձու - 3 հատ (խոշոր)
- ալյուր - 500 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից մոտ 1 կգ խմոր է ստացվում։ Կարող ենք այն 300-350 գրամանոց 3 գնդի բաժանել։
- Կարագը դնում ենք հարիչի ամանի մեջ, ավելացնում ենք շաքարի փոշին և թույլ արագությամբ հարում։ Այնուհետև հարիչը դնում ենք միջին արագության վրա, հարում ենք մինչև զանգվածը ավելի բաց երանգ ստանա և ավելի օդեղեն դառնա։ Այս ամենից հետո հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և յուրաքանչյուրից հետո լավ խառնում, որպեսզի խմորը չշերտազատվի։ Եթե այնուամենայնիվ խմորն արդեն շերտազատվել է, ապա պետք է շարունակենք հարել մինչև միասեռ դառնա, իսկ եթե դա մեզ չի հաջողվում 1 գդալ ալյուր ենք ավելացնում։
- Ձվերը լավ խառնելուց հետո, լցնում ենք ամբողջ ալյուրը և փխրեցուցիչը։ Հարիչը թույլ արագության վրա ենք դնում և սկսում ենք խմորը հունցել` մինչև ամբողջ ալյուրը խառնվի։ Ալյուրը խառնվելուց հետո շատ չենք խառնում։ Վերցնում ենք սիլիկոնե թիակը, խմորը մի տեղ ենք հավաքում և սկսում ենք գնդել։ Գնդելուց հետո խմորը կարող ենք 300-350 գրամանոց գնդերի բաժանել, սկավառակ ձևավորել, սննդային փաթեթով ծածկել և տեղափոխել սառնարան։ Այս խմորն առնվազն 30 րոպե պետք է սառնարանում թողնել։ Այն կարելի է սառնարանում պահել մինչև 1 շաբաթ, իսկ սառցարանում մինչև 3 ամիս։
Այնուհետև խմորը 6-7 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։ Գրտնակած խմորը պետք է ձևամանից մեծ լինի, որպեսզի կողքեր ձևավորենք, իսկ անհարթ հատվածները անհրաժեշտության դեպքում կկտրենք։ Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և տեղափոխում ձևամանի մեջ։ Վերջինս սեղմում ենք ձևամանի մեջ, որպեսզի այն կիպ կպնի ձևամանին։ Կախվող հատվածները գրտնակով կտրում ենք: Ձևամանը դնում ենք ջեռոցը և թխում բաղադրատոմսի համաձայն:
- Կարևոր է, որ բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի լինեն, դա թույլ կտա խմորը ավելի արագ և հեշտ պատրաստել։ Խմորի կտրտած հատվածները կարող ենք միացնել իրար և կրկնակի գրտնակել, բայց այդ դեպքում խմորն ավելի ձիգ կլինի։ Թխվելու ընթացքում խմորը պետք է բաց գույնի լինի` նուրբ և փշրվող։ Լավ կլինի թխել բացվող ձևամանների մեջ։ Այս խմորը հատկապես հարմար է կրեմային և ոչ շատ հյութեղ միջուկներով տարտերի և հացուտիկների համար։ Այն շատ հարմար է նաև թխվածքաբլիթների համար։
Pâte sucrée կամ քաղցր խմոր տարտի համար… էլ ինչը կարող է ավելի համեղ լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: